Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը համաձայն է, որ միջազգային հանրության արձագանքները, հայտարարությունները հաճախ անատամ են ու լղոզված, սակայն նկատեց, որ վերջին օրերին այդ իրավիճակը փոխվում է:
«Այստեղ մի կարեւոր «բայց» կա: Վերջին 3-4 օրվա ընթացքում միջազգային հանրության հռետորաբանությունը եւ մատնանշումը կամաց-կամաց գնում է դեպի ճշմարտություն»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Միջազգային հանրություն արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրթերով, ՌԴ ԱԳ նախարարի, ԱՄՆ-ի պետդեպի եւ Պենտագոնի տեղեկություններով արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները: Մեր կարեւորագույն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հստակ մատնանշի, որ Թուրքիան ու Ադրբեջանը տեռորիստական պետություններ են, որոնք ագրեսիա են կատարում Արցախի ու Հայաստանի դեմ: Սրանք ենթադրում են որոշակի գործողություններ
Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում գնում են ներքին քննարկումներ ընդհուպ մինչեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դրա հետ մեկտեղ Կանադան է արդեն մասնակի պատժամիջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ չեղարկելով հարվածային ԱԹՍ-ների մասերի մատակարարումը»,-հայտարարեց Աբովյանը:
Նա նկատեց, որ Ադրբեջան պետություն գոյություն չունի այլեւս, այն Թուրքիայի մի վիլայեթ է, որի կառավարումն իրականացնում է Թուրքիան:
«Մյուս կողմից Ստեփանակերտը ռմբակոծվում է բոլոր հնարավոր կոնվենցիաներով արգելված կասետային ռումբերով ու հրթիռներով: Կասետային հրթիռների օգտագործումն արդեն ինքնին ռազմական հանցագործություն է: Ալիեւն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են: Մենք դա ապացուցելու համար բազա պետք է հավաքենք ու հավաքում ենք, եւ աշխարհին ցույց տանք, որ այս մարդիկ խնդիր ունեն մեզ ոչնչացնելու: Նրանք խնդիր չունեն պատերազմի միջոցով ինչ-որ տարածքային ամբողջականության խնդիր լուծեն: Այստեղ կանգնած է լոկալ առումով հայ ժողովրդի ոչնչացումը տարածաշրջանում, գլոբալ առումով Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորումը:
Եթե ԵՄ-ն հայտարարում է, որ այո, Թուրքիան ու Ադրբեջանը տեռորիստական պետություններ են, որոնք օգտագործում են կասետային ռումբեր, ահաբեկիչներ, դա ենթադրում է պատժամիջոցների կամ հստակ քայլերի տրամաբանություն:
Այսինքն դրան պետք է հետեւեն գործողություններ, որոնք կսաստեն արդ երկրներին: Տարբեր հակամարտությունների պատմությունը հուշում է, որ եթե միջազգային հանրությունը հստակ որոշում է ընդունում, որ այս վարչակազմը՝ Էրդողանի կամ Ալիեւի, հանցագործ է, հավատացնում եմ ձեզ, շատ լայն մեխանիզմների դաշտ գոյություն ունի»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է, որ մենք ոչ մի դեպքում չդադարեցնենք այսօր իրականացվող դիվանագիտական գրոհը:











