Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 116 զինծառայողի անուն:

Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական տվյալների, հայկական կողմի զոհերի թիվը հասավ 2123-ի:

Որոշակի դադարից հետո Հայրենիքի փրկության շարժումը նորից հավաք է անում։ Շարժման տարածած հայտարարությունում ասվում է՝ փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին նրանք կհավաքվեն Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ։ Նրանք նաև կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց բողոքի ակցիային։

Դավիթ Գալստյանը կամ Պատրոն Դավիթը կալանավորվել է. մինչեւ այդ նա հասցրել էր հայտարարություն տարածել, շեշտելով, որ պետական գաղտնիքով պայմանավորված դեռ չի բացահայտում իրեն մեղադրանք առաջադրելու իրական շարժառիթները։ Սակայն մեկ հանգամանքի մասին կարող է խոսել. ըստ նրա՝ նախաքննական մարմինը դիտավորյալ է մատնանշել, որ իր մատակարարած զենքը 1977-ի արտադրության է, մինչդեռ այդ թվականը զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետն է, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության տարեթիցը, ինչն, ըստ նրա՝ կարող է պատրանք առաջացնել, թե Բանակին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ականների արտադրության զինամթերք։ Ըստ մեղադրանքի՝ Պատրոն Դավոն խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։

Բռնցքամարտի նշանավոր չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը սրտի կաթված է ստացել։ Նրա փաստաբան Գոռ Սաղոյանը նշել է, որ կաթվածը ապօրինի քաղաքական հետապնդման հետեւանք է։ «Փառք Աստծո, հիմա ամեն ինչ կարգին է», ասել է նա։

Դատարանը թույլատրել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-ից 8-ը  բացակայել Հայաստանից. Ըստ լուրերի՝ նա դարձյալ Մոսկվա է մեկնում։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրել է   ներկայացնել թույլտվության հիմքերը, դատավոր Դանիբեկյանը խոստացել է տրամադրել։ Բաղդասարյանը դժգոհել է, որ նախորդ նիստերից մեկում բարձրացվել էր Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվության հարցը՝ առանց որեւէ պարզաբանման, ինչին Դանիբեկյանն արձագանքել է.  եթե մեղադրողն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ամեն Գեւորգյանի պաշտպանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՝ հիմնավորմամբ, որ Աննա Դանիբեկյանը բժշկական գաղտնիք է բացահայտել՝ հայտարարելով, որ Գեւորգյանի կինը վարակվել է կորոնավիրուսով։

Յուրի Խաչատուրովը հայտարերեց, որ պատրաստ է իր փաստաբանին խնդրել պաշտպանելու Աննա Դանիբեկյանին, եթե նա ինքնաբացարկ հայտնի եւ դատախազության կողմից պատժվի:

«Ես Ձեզնից շատ մեծ եմ եւ ինձ թույլ կտամ խորհուրդ տալ: Երբ խորհրդակցական սենյակ մտնեք, նայեք հայելուն: Ինքներդ ձեզ ասեք՝ ես հանցագործությունը եմ կատարել, կարո՞ղ եմ արդյոք օբյեկտիվ լինել: Եթե տեղի ունենա գրեթե անհարինը, եւ դուք հանկարծ որոշեք հեռանալ ու դադարել դատավոր լինել, եթե դրանից հետո դատախազությունը գործ հարուցի, ես անգամ պատրաստ եմ իմ փաստաբանին խնդրել, որ ձեզ պաշտպանի: Դուք գեղեցիկ երիտասարդ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին»,– ասել է նա։

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը։

Սոցհարթակներում վրդովմունքի հերթական ալիք են բարձրացել Փաշինյանի թիմակցի սկանդալային ու հակահայ հայտարարությունները։ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը դրա մասին խոսել է «Սահմանամերձ գոտի» նախագծի շրջանակում կազմակերպված առցանց կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցում էին թուրքերն, ադրբեջանցիներն ու վրացիները։ Իմքայլական պատգամավորը, անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմին, ասել է. «Մենք պետք է  չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, քանի որ, ինչպես գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում»,- քմծիծաղով ասել է նա ու շարունակել․«Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»։

Խոսելով Հայաստանում ռեֆանշիզմի հնարավոր ծավալման մասին, Բեղոյանն ասել է,ո ր Հայաստանում կան ազգայնականներ, սակայն ինքը կոչ է անում լսել միայն պետական մարմինների հայտարարությունները եւ որ ռեւանշիզմն ընդունելի չեն Հայաստանի համար:

Հունվարի 30-ին Հայաստանի ԱԱԾ-ն Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում 2 ադրբեջանցի է ձերբակալել։ Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությւոնից։

Ըստ այդ հաղորդագրության՝  Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողները ազատ են արձակվել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ։

Բացի այդ՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է նաեւ, որ հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը իրականացրել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողների տարհանումը Մաղավուզի Վանքի բնակավայրից, որտեղ նրանց հանձնել են ադրբեջանցի բժիշկներին:

Փետրվարի 1-ին որոնումների արդյունքում Արցախի փրկարարները Վարանդա-Ֆիզուլիի ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սիրիայից վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում ռիսկեր է պարունակում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քրտուղար Ստանիսլավ Զասը։ Նա նշել է, թե կառույցը   տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինյալների ներկայության եւ գործողությունների մասին:

Հայաստանի կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

Ըստ հայցի՝ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները. ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ:

«Բեգլարյան բժշկական կենտրոնում» ծննդկան է մահացել, ինչի համար կնոջ հարազատները մեղադրում են բժշկական կենտրոնին։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ նախօրեին առավոտյան Նելլի Արշակյանը կեսարյան հատումով դուստր է ունեցել, ինչից ժամեր անց մահացել է։  Հարազատների խոսքով՝ Նելլին, որը նախկինում երկու երեխա էր ունեցել բնական  ճանապարհով, առողջական որևէ խնդիր չի ունեցել։

Գիշերը ժամը չորսին նա զանգահարել է ամուսնուն և ասել, որ իրեն ներարկում են արել, ինչից հետո վիճակը կտրուկ վատացել է։ Լուսադեմին 30-ամյա կինը մահացել է։

Հիվանդանոցից որեւէ մեկնաբանություն ստանալ, առայժմ, ստանալ չի հաջողվում։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 143 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 167231 է: Այս պահին բուժվում է 5035 պացիենտ: Մահացել է 8 վարակված, որոնցից 3-ի մահը, համաձայն առողջապահությն նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3861 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով եւ հասել 519.20 դրամի:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.96 դրամով ու կազմել 626.52 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.64 դրամով ու կազմել 710.63 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 6.84 դրամ:

Հայաստանում փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը` +8 +10: