Ըստ իս՝ հանգուցալուծման երեք տարբերակ կա. կամ վարչապետը հրաժարական է տալիս, կամ քաղաքական մեծամասնությունն ինքնուրույն որոշում է կայացնում, անվստահություն է հայտնում՝ հանելով ռազմական դրության ռեժիմը, կամ Խորհրդարանն ինքնալուծարվում է։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ու հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հարցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ո՞ր հանգուցալուծումն է լինելու։

«Ես որոշել էի վարչապետին հարց չուղղել, մինչեւ հրաժարական չտա, բայց տեղի ունեցող իրադարձությունները եւ մարտի 1-ի հանարահավաքը մտափոխեցին ինձ։ Երկրում վիճակը լավը չի, անկախ նրանից իշխանություն, հավաքում եք ձեր կողմնակիցներին, նրանք հայտնում են ինչ-որ դիրքորոշում, ընդդիմությունը հրավիրում են իրենց կողմնակիցներին, նրանք էլ հայտնում են իրենց կարծիքը։ Հանգուցալուծում է անհրաժեշտ երկրում։ Ինչ հանգուցալուծում եւ երբ է լինելու։ Իշխանությունը կամ իշխանության կողմնակիցները ասում են՝ ոչ մի հրաժարական, ձեր կողմնակիցներն էլ ասում են՝ ոչ մի ընտրություն, ընդդիմությունն էլ ասում է՝ ոչ մի ընտրություններ, հրաժարական տվեք, ինքներս կկազմակերպենք։ Մարդիկ չեն կարողանում պլանավորել մեկ ամսվա, մեկ շաբաթվա կյանք նույնիսկ, ամեեն բան կաթվածահար է եղել։ Պարոն վարչապետ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ երկրում դեռեւս մի քանի միլիոն մարդ կա, որոնք ոչ ձեր կողմնակիցների հանրահավաքներին են գալիս, ոչ էլ ընդդիմության հանրահավաքներին են գալիս. նրանք սպասում են հանգուցալուծման»,- իր հարցում նշեց պատգամավորը։

Ուրիխանյանին հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաստատելով, որ ներքաղաքական ճգնաժամ առկա է. «Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք լինել բավականին ճկուն, մասնավորապես, առաջարկել ենք դեռեւս նախկինում առաջարկել էինք կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաեւ վերջերս առաջարկել ենք դրա հետ զուգահեռ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը եւ հնարավոր կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձի հարցը։ Ձեր բարձրաձայնած տարբերակներից մենք նախկինում հայտարարել էինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեր պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէր եղել։ Մենք կրկին պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հետ կապված»։

Ուրիխանյանն էլ հստակեցրեց հարցը՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնվում, ուրեմն այսպես պետք է շարունակե՞լ, Ավինյանը պատասխանեց. «Ձեզ հավաստիացնում եմ, որ ճգնաժամը ճգնաժամի հետեւից է գալու, ամեն բան կաթվածահար է երկրում»։

Ավինյանը պատասխանեց, որ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որպեսզի ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի. «Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը եւ նոր ճգնաժամեր չեն ստեղծի։ Մենք նախաձեռնելու ենք այդ քննարկումները»։