Որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ, ինչպես հաճելի է ձեր ականջին, ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք Դուք կայացրել, որքա՞ն սահմաններ եք, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ այլ ելք չկա՝ Դուք պետք է հրաժարական տաք։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Գլխավոր շտաբի հայտարարության մեջ բոլորը կենտրոնացել են վերջին նախադասության վրա, որով պահանջվում է ՀՀ վարչապետի հրաժարականը, բայց ես այս տեքստում կենտրոնացել եմ նաև այլ բառերի և արտահայտությունների վրա։ Պարոն վարչապետ, ի դեպ, ոչ թե փոխվարչապետ, այլ վարչապետ, ակնհայտ է, որ ՀՀ Գլխավոր շտաբը րոպեական չի կայացրել այս որոշումը և ուներ ծանրակշիռ պատճառներ պահանջելու ձեր հրաժարականը։ Որպես ՀՀ վարչապետ, գործող կառավարության ղեկավար, որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ, ինչպես հաճելի է ձեր ականջին, ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք Դուք կայացրել, որքա՞ն սահմաններ եք Դուք հատել, որտե՞ղ եք հատել այդ սահմանագիծը, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ Դուք այլևս ի վիճակի չեք որպես վարչապետ ղեկավարելու, այլ ելք չկա՝ Դուք պետք է հրաժարական տաք»,- ասաց Սամսոնյանը։
Այնուամենայիվ, հարցին պատասխանեց փոխվարչապետ Ավինյանը․ «Ես եմ պատասխանում հարցին, որովհետև կարծում եմ ՝ հարցին պատասխանողի ընտրությունը մեր լիազորությունն է։ Այդ հայտարարությունը բավականին խնդրահարույց է, առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ Գլխավոր շտաբը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության, քաղաքականության հետ չպետք է առնչվեն և կապ ունենան։ Խնդրահարույց է այն առումով, քանի որ Գլխավոր շտաբի հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունը ևմեր անվտանգության ապահովումը։ Որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում այս ամենի մեջ։ Չգիտեմ՝ Գլխավոր շտաբը նման կարծիք հայտնել է, թե՝ ոչ, կարծում եմ՝ սա ձեր անձնական կարծիքն է։ Այ, Դուք իրավունք ունեք նման կարծիք ունենալու, նման հայտարարություն անելու և այդ առումով քաղաքական գործիչները տարբերվում են զինվորականներից, և այդ տարբերակումը պետք է լինի հարատև, որովհետև հակառակ պարագայում՝ դա խարխլում է մեր պետականության հիմքերը։ Զինված ուժերը պետք է կատարեն բացառապես այն գործառույթները, որոնցով լիազորված են զբաղվել՝ ըստ Սահմանադրության և օրենքների»։
Անի Սամսոնյանը կրկնեց հարցը նշելով, որ Ավինյանը չպատասխանեց իր հարցին․ «Հայտարարության տեքստն իմ մոտ է, և ես այս հայտարարության տեքստում չեմ գտնում նախադասություն, որ Գլխավոր շտաբը պահանջում է նախ Ձեր հրաժարականը, չգիտեմ՝ գուցե Դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու նպատակ ունեք, դրա համար եք այս ամբիոնի մոտ վարչապետի պարտականությունների փոխարեն պատասխանում իմ հարցերին, բայց ես կրկնում եմ՝ այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ դուք կայացրել եք բազմաթիվ անադեկվատ որոշումներ, անցել եք սահմանները, և այս հայտարարությունը կարմիր ազդանշան է այն մասին, որ դուք այնքան եք հատել այդ սահմանները, որ Զինված ուժերը ստիպված, թողնելով իրենց գործառույթները, այլ ելք չգտնելով, պահանջում են վարչապետի հրաժարականը։ Իմ հարցը սրա մասին է՝ որտե՞ղ եք հատել այդ սահմանները։ Դուք խոստովանո՞ւմ եք, որ ձեր լրջագույն սխալները երկրին հասցրել են կործանման եզրին։ Խնդրում եք այդ հարցերին պատասխանեք, որովհետև ակնհայտ է, որքան էլ փորձեք մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդին, ռազմական հեղաշրջման փորձի մասին խոսք լինել անգամ չի կարող»։
Ավինյանը հակադարձեց․ «Առհասարակ, երբ խոսում եք թաքուն բաների մասին, այդ թաքունը և պրոցեսները մեկ բանի հետ են ինձ մոտ ասոցացվում։ Դրանք այն պրոցեսներն են, որոնք ղեկավարվում են 17 կուսակցությունների կողմից, որոնք իրար մեջ, գուցե նաև ձեզ առաջարկում են թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերել։ Միգուցե տարբեր գործիչների սիգնալներ են ուղարկում այդ թաքուն պայմանավորվածությունների հետ կապված։ Մեր գործունությունը թաքուն չէ, հրապարակային է»։











