Իրենք ասում են՝ ժողովուրդ ջան, երբ որ ես թողնում եմ, որ դու որոշես, թե ով է մտնելու խորհրդարան, դու հանցագործների ես բերում. սա տե՞քստ է, որ ժողովրդին ասում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխող ուժը ցանկանում է Ընտրական օրենսգրքում ներդնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգը, որտեղ ընտրողը քվեարկում է այս կամ այն կուսակցության ցուցակի օգտին, սակայն չի կարող այդ ցուցակում փոփոխություններ առաջարկել:

«Իրենք ասում են՝ ժողովուրդ, դու գործ չունես, մեր քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք կորոշենք՝ ով կդառնա պատգամավոր: Սա մասնակցային ժողովրդավարության հերն անիծելու ճանապարհ է: Հաջորդը, այս ընտրակարգով իրենք ուզում են, որ կռիվը դարձնեն Նիկոլ Փաշինյանի եւ նախկին իշխանության միջեւ, որը միշտ Նիկոլ Փաշինյանի երազանքն է եղել: Ասում են՝ գաղափարական պայքար կլինի: Ո՞րն է գաղափարականը՝ գելերն ու գելխեղդնե՞րը: Դուք գաղափար պետք է ունենաք, որ ներկայացնեք»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 1-ին արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել են Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները: