Հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի «Թեժ լեռ» կոչվող տարածքում գողություն են անում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շտապ մեկնած ոստիկանները այդ վայրում հայտնաբերեցին Լերմոնտովոյի երկու բնակչի, որոնք տրակտորով փորում էին հողը՝ համայնքի 600-լիտրանոց բաքը գողանալու համար։

Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները պարզեցին նաև, որ գողության եկած տղամարդիկ հանցակիցներ ունեն։

Րոպեներ անց Գուգարքի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» մեքենայում հայտնաբերեցին Վանաձորի 3 բնակչի։ Նախնական տվյալներով՝ նրանք ճանապարհին, այսպես ասած՝ հսկում էին և, ոստիկաններին նկատելով, անմիջապես տեղեկացրել էին գողության եկածներին։

Բոլորն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։