Դուք ինձանից սպասում եք գնահատական, որը իմ լիազորությունների շրջանակներից դուրս է: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությանը։
«Նաեւ դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Բուն արդարադատության նախարարությունն ունի իրավասություն կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել, բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք, որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»,- նշեց Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ դուք կարո՞ղ եք Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, նախարարությունն ունի՞ այդ լիազորությունը, թե՞ չունի՝ Մինասյանը պատասխանեց. «Չէ, չունի: ԲԴԽ 3 անդամները մենակ կարող են օրենքով սահմանված կարգով ԲԴԽ անդամին պատասխանատվության ենթարկել: Նախարարությունը որեւէ լիազորություն չունի»:
Հայտնել էինք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։











