Աշխարհն ապրում է տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում, ավելի ու ավելի շատանում են ոլորտները, գործունեության տեսակները, որտեղ որոշիչ են դառնում տեխնոլոգիաները: Դրանք փոխակերպում են ամեն ոլորտ, այդ թվում ֆինանսական, աուդիտորական եւ խորհրդատվական կազմակերպությունները։ Նույնիսկ ամենաավանդական ծառայությունները այսօր առանց տեխնոլոգիաների գրեթե հնարավոր չէ մատուցել, ասում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ մարքեթինգի տնօրեն Անի Հակոբյանը։

Վիրտուալ գրասենյակ

«Աուդիտորական գործն առհասարակ, ասում են, մի քանի տարի անց իր ծավալի գերակշիռ մասով պետք է թվային լինի: Սա, իհարկե, չի վերացնում մարդու կարեւորությունը պրոցեսում, որովհետեւ տեխնոլոգիաները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում, բայց պետք են լինելու նաեւ հատուկ մասնագիտացում ունեցող մարդիկ, որոնք պիտի կարողանան կապել տվյալները վերլուծության հետ եւ այլն»,- ասում է նա:

«Գրանթ Թորնթոն»-ը Հայաստանում մատուցում է մի շարք ծառայություններ, որոնք միայն տեխնոլոգիական հիմք ունեն։ Ընկերությունը վերջերս թողարկել է վիրտուալ գրասենյակ, որն առաջինն է Հայաստանում: «Մեր վիրտուալ գրասենյակը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ամբողջ շփումը, տվյալների վերլուծությունը, կառավարչական տեղեկատվությունը ստանալ վիրտուալ գրասենյակում: Այսինքն՝ միանգամայն կենդանի ռեժիմում ամեն վայրկյան թարմացվող տեղեկատվություն»,- բացատրում է նա:

Ապագան տեխնոլոգիաներինն է. այն ջնջում է սահմանները

Կան ընկերություններ, որ շատ լավ գիտակցում են այդ տեխնոլոգիաների հնարավորությունները եւ մեծ ոգեւորությամբ ուզում են դրանք ներդնել իրենց բիզնեսում, օպտիմալացնում են գործընթացները, նոր շուկաներ են դուրս գալիս: «Ի վերջո, տեխնոլոգիաները շատ ընկերությունների համար նույնիսկ շուկայի գաղափարն են փոխակերպում, այլեւս չկա երկիր, երկրի սահմանափակում ու սահմաններ: Եվ կան ընկերություններ, որոնք մի փոքր վախենում են տեխնոլոգիական առաջընթացից, միգուցե ամբողջությամբ չեն տիրապետում: Բայց որ ապագան տեխնոլոգիաների մեջ է, դա անկասկած է»,-ընդգծում է Անի Հակոբյանը:

Վերջին նորարարությունները

«Գրանթ Թորնթոն»-ը վերջին մի քանի տարում մեծ ներդրում է արել աուդիտի մեթոդաբանության եւ տեխնոլոգիական լուծման մեջ, և աուդիտի պրոցեսում շատ որոշումներ արդեն տեխնոլոգիապես են կայացվում, իսկ խորհրդատվության ոլորտում, որն ամեն օր փոփոխվող մի աշխարհ է, բազմաթիվ են լուծումները: Բացի վիրտուալ գրասենյակից, ընկերությունը բազում ծառայություններ է մատուցումկիբերանվտանգության ոլորտում, որոնք միայն տեխնոլոգիական հիմքով են արվում՝ թափանցման թեստեր, տարբեր տեսակի համապատասխանության աուդիտներ եւ այլն: «Տեխնոլոգիաները ամենուրեք են, գրեթե բոլոր մեր ծառայություններում»,- ասում է նա։

Գիտելիքի վրա հիմնված մարկետինգ

Ի տարբերություն բանկերի, վարկային կազմակերպությունների ու ապահովագրական ընկերությունների, ընկերության հաճախորդը իրավաբանական անձն է: «Դա նշանակում է, որ մեր հաճախորդը եւ մեր ծառայությունից օգտվելու որոշում կայացնողը այդ կազմակերպությունում մի քանի թոփ ղեկավար անձինք են: Մարկետինգային ամբողջ գործունեությունն ուղղված է այդ մարդկանց: Մենք չենք անում մեծ արշավներ, մենք անում ենք գիտելիքի վրա հիմնված մարկետինգ, որովհետեւ մեր բիզնեսում մեր ամբողջ արժեքը գիտելիքն է: Մեր մարկետինգը կառուցվում է այդ գիտելիքը հրապարակային դարձնելու, այդ գիտելիքի շուրջ հարաբերությունները կառուցելու վրա: Մեր գործում մարկետինգի «մեխը» դա է՝ կառուցել հարաբերություններ հաճախորդի հետ, պահպանել, զարգացնել դրանք, մեկ տեսակի համագործակցությունը վերածել բազմակի համագործակցության»,- ասում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ մարքեթինգի տնօրեն Անի Հակոբյանը։

Արման Տոնիկյան