Ես չեմ բացառում, որ որ սա ոչ թե միտումնավոր, պետական մակարդակով կազմակերպված բան էր, այլ ինչ-որ մի երիտասարդի արած արկածախնդրություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ազատագրական շարժման անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի քաղաքացին այցելում Ծիծեռնակաբերդ, «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալիս և թուրքերենով ասում, որ ինքը գտնվում է թատրոնում։

«Մենք շատ ծանր ենք տանում, երբ մեր սրբազան արժեքների, այդ թվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկատմամբ նման ծաղրանք է իրականացվում: Բայց չգիտես ինչու, մենք ծանր չենք տանում, երբ այդ նույն թուրքերը իրենց քաղաքականությամբ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված, իրենց քիրվայական քաղաքականությամբ ծաղրում են 1915 թվականի մեր ավելի քան 1,5 մլն քույրերի ու եղբայրների հիշատակը: Այսինքն, որ Հայաստանի իշխանությունները բարեկամություն են անում թուրքերի հետ, դա ծաղր չի մեր նկատմամբ, բայց երբ մի թուրք գալիս է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գորշ գայլերի նշանն է ցույց տալիս ու ոռնում է, դա ծաղր է:

Հաճախ ասում են՝ ի՞նչ գործ ուներ այդ թուրքը Երեւանում, բազմաթիվ թուրքեր կան Հայաստանում: Հաճախ եմ ես թուրքերի բռնացնում Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում, հաճախ եմ պետական կառույցներին տեղեկացնում, որ այստեղ այսպիսի մարդիկ կան»,-ասաց նա:

Հոխիկյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պատահաբար Արցախում բացահայտել են թուրքական ծագմամբ մի լրագրողի, որն Արցախում նկարում էր ամեն ինչ. «Երբ նրա լրագրողական հավատարմագրման քարտը վերցրինք, պարզվեց, որ այդ քարտի ժամկետը լրացել էր 2019-ի հունվարին: Երբ դիմեցինք Հայաստանի համապատասխան մարմիններին, ասացին՝ մենք ենք տվել հավատարմագիր, բայց չեն էլ նայել, որ 2 տարի առաջվա է»:

Հոխիկյանը նկատեց, որ Հայաստանում հաճախակի լինում են թուրք զբոսաշրջիկներ, ինչպես շատ հայեր են գնում Թուրքիա որպես զբոսաշրջիկ ու իրենք էլ են նկարվում, օրինակ ոտքը դնելով Աթաթուրքի արձանի գլխին: