Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների հարցը դեռ  չի լուծվել, նրանց խոստացված շենքի բնակարանները վաճառել են այլ քաղաքացիների:

«Այն ծրագիրը, որով պետք  է աջակցեին մարդկանց, ի սկզբանե մարդկանց խաբելու ծրագիր էր, այդպես էլ չիրականացավ մեզ բնակարաններ հատկացնելու ծրագիրը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներից մեկը:  

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թ. կառավարությունը հավանություն էր տվել «Նոբբի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64քմ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ըստ այդ ծրագրի՝ կառուցապատող ընկերությունը պարտավորվում էր այդ շենքի բնակիչներին նոր շենքում տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք:  

«Մենք հանդիպել ենք կառուցապատողի, պատկան մարմինների հետ, նրանք մեզ ասել են, որ չմտահոգվենք՝ անպայման տեղափոխվելու ենք նոր բնակարաններ:  Վերջին օրն ենք իմացել, որ մեր բնակարանները վաճառվել են: Մենք մինչև վերջ գնալու ենք առաջ, քանի որ մեր բնակարանները շատ վատ վիճակում են: Հիմա ես չգիտեմ՝ կառավարությունը այդ ծրագիրը մշակել էր համապատասխան մարդկանց համար, թե մեզ՝ վթարային շենքում ապրողներիս համար: Թող կառավարությունը պատասխան տա՝ ինչո՞ւ իր մշակած սոցիալաական ծրագրի պատճառով շենքը փլուզման եզրին հասցրեց: Մարդկային ճակատագրերի հետ են խաղում»,- ասաց բնակիչնրից մեկը: 

Մանրամասները՝ տեսանյութում: