«Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրինությունից առեւտրականներին ասել են, թե կարգադրություն են ստացել փակ պահել «Փեթակը»։
«Տնօրինությունը տեղյակ չէ Քրիստափորի փողոցի միակողանի բացվելու մասին, իրենք ասում են, թե իրենց կարգադրել են փակ պահել շուկան։ Ենթադրենք ճանապարհը փակ է, մենք Սեւանի փողոցի կողմից մուտքեր ունենք, թող շուկան բացվեր, մենք աշխատեինք, իսկ ճանապարհ փակ լիներ, բայց գոնե մարդիկ ոտքով կգային, իրենց առեւտուրը կանեին։ Ոչ ոք չկա, որ ներկայացնի պատճառները, թե ինչու չենք կարող մենք այս օրերին աշխատել։ Մենք տվյալ պահին անտեսված ենք, մեզ պետք է շուկան բացվի, որ մենք աշխատնեք»,– NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 23–ին, ասաց առեւտրական Արթուր Գեւորգյանը։
Առեւտրականները բողոքում են, որ իրենց մինչեւ հիմա չեն հիմնավորել, թե ինչու չպետք է գործեն «Փեթակ»–ի եւ հարակից խանութները։
«Մարդ չկա, որն ասի, թե երբ ենք մենք սկսելու աշխատել։ Չենք հասկանում, թե ինչու չեն մինչեւ հիմա բացում ճանապարհը, մեզ փակել են ու պատասխան չեն տալիս»,– նշեց մեկ այլ առեւտրական։
Տնտեսվարողերը դեռ հաշվարկեր չունեն, թե որքան վնաս են կրել մեկ շաբաթից ավելի խանութների չաշխատելու հետեւանքով, սակայն նշում են, որ մեկ օր չաշխատելն էլ ազդելու է իրենց եկամտի վրա։
«Ամեն օր տուժվում ենք, հաճախորդները ելքեր են փնտրում, թե ումից առեւտուր անեն, մենք էլ ենք ապրանք առնում, վարկեր ունենք, հազար ու մի հարց կա չէ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները երեկ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում խոշոր պայթյունից մեկ շաբաթ անց, բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ այսպիսով տնտեսվարողները վնասներ են կրում։
Այսօր ԱԻՆ–ից հայտնեցին, որ որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։











