«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները կասկածներ ունեն, թե ինչ–որ մեկը չի ցանկանում, որ «Փեթակը» բացվի: NEWS.am-ի հետ զրույցում անհատ ձեռներեց Գրիգոր Մովսիսյանն ասաց, որ իրենց հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել առեւտրի կենտրոնի փակ մնալու վերաբերյալ։
«Եթե ժապավենը բարձրացնեն, մենք կկարողանանք մտնել «Փեթակ»: Այնտեղ ինչ էլ անենք, իրենց չենք խանգարում: Մինչեւ առավոտ էլ այստեղ կանգնած լինեք, կտեսնեք, որ այստեղով տեխնիկա չի անցնում: Իրենք միայն Արշակունյաց պողոտան են օգտագործում, իսկ Տիգրան Մեծ–ով ոստիկաններն են գալիս, իրենց հերթափոխը կատարում, գնում»,- ասաց նա:
Գրիգոր Մովսիսյանը «Փեթակ» առեւտրի կենտրոնում էլեկտրոնիկայի վաճառակետ ունի: Դեռեւս չգիտի՝ որքան ֆինանսական վնաս է կրել, բայց համոզված է, որ հագուստ, գրենական պիտույքներ վաճառող տնտեսվարողները բավական մեծ վնասներ են կրել:
Հիշեցնենք, որ երեկվանից «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են բացել «Փեթակը»։ Տնտեսվարողներին վրդովվեցրել է այն փաստը, որ «Փեթակի» հարակից բոլոր խանութները բաց են, իսկ «Փեթակը»՝ ոչ։
Նշենք, որ «Փեթակը» փակ է օգոստոսի 14-ից, երբ հարեւանությամբ գտնվող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ, ինչի հետեւանքով կա 16 զոհ, պայթյունից 10 օր անց էլ որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացի։











