Այս անգամ եւս Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականներն ընդգրկված են նույն խմբում, բայց տեխնիկապես ֆուտբոլային հանդիպումները դեռ չեն նշանակում 2009-ի գործընթացի գաղափարական ենթաշերտը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կրկին կարող է դիմել «ֆուտբոլային դիվանագիտության»:
«Այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր, տարածաշրջանում էլ լարված իրավիճակ էր ռուս-վրացական պատերազմից հետո, Հայաստանը հաղթած երկիր էր, ՀՀ դիվանագիտությունը շատ ավելի լավ բարձունքների վրա էր, աշխարհաքաղաքական իրավիճակն ու դասավորվածությունն այնպիսին չէին, ինչպիսին հիմա են: Հետեւաբար, «ֆուտբոլային դիվանագիտություն» ասելով պետք է հասկանալ երկու շերտ՝ զուտ տեխնիկական, որ կապված է ֆուտբոլային թիմերի հանդիպման հետ, եւ գաղափարական: Այս իմաստով, կարող ենք ասել, որ առաջինի դեպքում զուգահեռներ կարող ենք ունենալ, երկրորդի դեպքում, ցավոք սրտի, Հայաստանը հիմա չունի այն ոչ լծակները, ոչ աշխարհաքաղաքական իրավիճակից բխող ձեռնտու ստարտային պայմանները անելու այնպիսի դիվանագիտություն, որն ի վիճակի է եղել անել 2008-2009-ին եւ դրանից առաջ: Այնպես որ, թուրք պաշտոնյայի խոսքն ավելի շատ բառախաղի է նման»,-ասաց նա:
Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար դրական սպասելիքներ ունենալ հնարավոր չէ. «Հայաստանը գտնվում է բավական բարդ իրավիճակում, չունի բանակցային սեղանին դնելու եւ պրոցեսների վրա ազդելու գործիքակազմ եւ Հայաստանն այսօր ներկայանում է շատ ավելի թույլ վիճակում եւ դիվանագետների, եւ քաղաքական կապիտալի առումով»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, եթե Հայաստանի ակնկալիքներն այն են, ինչը բարձրաձայնում են իշխող կուսակցության շատ պատգամավորներ՝ չխորանալով կամ չուզենալով տեսնել հարցի էությունը, ապա դա լիովին այլ հարթությունում կարելի է դիտարկել:
«Դիցուք, երեկ ԱԺ պատգամավորի ցավակցական ուղերձը, որն անփոչ գդալի տպավորություն է թողնում եւ ընդհանրապես կապ չունի ոչ տարածաշրջանի իրողությունների, ոչ արարողակարգի որեւէ դրական հետռեւանք կարող է ունենալ, եթե այս տրամաբանությամբ է գնում, ապա այդ ակնկալիքները Հայաստան պետության եւ հայ ժողովրդի շահերի հետ որեւէ առնչություն չունի»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե սահմանը կբացվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն, թուրքագետն ասաց. «Այն, որ նախապայմաններ կային, ակնհայտ էր: Էրդողանը շատ անկեղծ ասած, որ նախապայմաններ կան: Նախապայման բառը չասաց, բայց ակնհայտ է, որ նախապայմանները շարունակում են մնալ: Դա թուրքական ձեռագիրն է, որը 30 տարի փոփոխության չի ենթարկվել: Ինչ վերաբերում է բանագնացների հանդիպումներին, կոնկրտ այս բանագնացների հնդիպումներին ես դեմ եմ, որովհետեւ այն ուժը, որը ներկայացնում է Հայաստանը, շատ հեռու է Հայաստանի շահերը Թուրքիայի հետ բանակցություններում ներկայացնելու հմտություններից ու փորձից: Բայց ընդհանրապես, Հայաստանի եւ Թուրքիայի շփումներին պրոֆեսիոնալ դիվանագետների մակարդակով դեմ չեմ»:
Հարցին, թե արդյոք պետք է Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, նա պատասխանեց. «Եթե պետք լիներ, անցնող 30 տարվա ընթացքում որեւէ դրական փոփոխություն կլիներ: Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները պետք են այնքանով, որքանով պետք են Ադրբեջանի շահերի սպասարկումը եւ թուրք-ադրբեջանական շահերից բխող իրողությունները: Հայաստանը Թուրքիայի համար ճնշելու, իր պանթուրքիստական ծրագրերն առաջ տանելու պլացդարմի նշանակություն ունի, բայց դա կանի միայն իր նախապայմանները բավարարելուց հետո: Մենք անընդհատ խոսում ենք սահմանների բացման մասին՝ չխորանալով, թե ինչքանով է այս պահին դա ձեռնտու, ինչքանով է Հայաստանը պատրաստ: Այս իրավիճակում, այս պայմաններում գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, հաստատ հայկական շահերի հետ կապ չունի, իսկ Թուրքիային պետք է այնքանով, որքանով կկարողանա իր ճնշման լծակները գործադրել նախապայմանները կյանքի կոչելու հետ կապված»,-ասաց Մելքոնյանը:











