Յուրաքանչյուրը յուրովի աշխատանքային խմբեր է ձևավորել. Հայաստանն էլ ասում է, որ աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է զբաղվի հումանիտար հարցով, Արցախում կա այդպիսի աշխատանքային խումբ: Մեր առաջարկածն այն է, որ միասնական աշխատանքային խումբ, կամ խորհուրդ ձևավորվի, որը կառաջացնի համահայկական զորաշարժ: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ միասնական մարմինը կօգնի, որ որտեղ էլ հայը գտնվի, իմանա, թե ինչ պետք է անի՝ օգնելու համար Արցախի մեր եղբայրներին և քույրերին:

Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն տարբեր երկրներում կառույցներ ունի՝ Ռուստամյանը տեղեկացրեց, որ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց անընդհատ հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել, քանի որ չեն կարող սպասել և տեսնել, թե այնտեղ ինչպես է շնչահեղձ լինում արցախահայությունը:

«Մենք ասել ենք, որ պետք է երկու կողմերի պաշտոնական մոտեցմամբ ձևավորված մի շտաբ կամ խորհուրդ լինի, այն տեղակայվի Արցախի ներկայացուցչությունում: Այն լինի մի տեղում, որպեսզի բոլորն իմանան, թե Արցախին օգնելու համար ուր դիմեն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ռուստամյանի ներկայացմամբ՝ շտաբում կլինեն նաև տեղեկատվություններ, թե ինչ հումանիտար խնդիրներ կան Արցախում, ինչպես պետք է դրանք լուծեն, դրանից բխող քաղաքական հայտարարություններ էլ կլինեն, ի պաշտպանություն Արցախի:

«Այսինքն, այս ամբողջ պրոցեսը միասնական գործընթացի վերածելու հարց այսօր գոյություն ունի»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ այդ հարցն արդեն Արցախում էլ է քննարկվում: