Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են, եւ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն վերջին շրջանում խնդիրներ կան, հատկապես անցյալ տարվա սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի։
«Մինչ այդ եթե Ադրբեջանը որեւէ ռազմական գործողություններ էր անում Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որեւէ երկրի, նկատի ունեմ` ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ անդամներին, քանի որ ՀՀ տարածքում չէր, բայց սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը` 3 տարածաշրջաններում եւ տարբեր ուղղություններով 5-7 կմ առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, որ եւ ՀԱՊԿ անդամ երկրները, եւ Ռուսաստանը մեզ պետք է ռազմական օգնություն ցուցաբերեին, մենք ակնկալում էինք նաեւ քաղաքական հայտարարություններ։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչեւ հիմա»,- ընդգծեց ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով՝ չնայած դրան Ռուսաստանը եւս մասնակցել է պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը.
«Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կողմերին, ովքեր միջամտեցին, փոքր կամ մեծ կարեւոր չէ, կարեւորը, որ պատերազմը դադարեցվեց։ Հայաստանը, ինչպես եւ Էստոնիան, փոքր երկիր է, եւ մեր անվտանգությունն ապահովելու համար միջազգային կազմակերպությունների կամ առանձին երկրների աջակցության կարիք ունի։ Տվյալ դեպքում Էստոնիան Եվրամիության, ՆԱՏՕ–ի անդամ է, որոնք քաղաքական եւ ռազմական անվտանգության երաշխավորներ են, եւ որն աշխատում է։ Մենք եւս սպասելիքներ ունեինք, որ կաշխատեին, բայց ինչ–որ առումով այդ սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան»։
Խաչատուրյանը նշեց, որ բանակցությունները կշարունակվեն, եւ ի վերջո Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ կհայտարարի. «Ամեն ինչ չէ, որ ամփոփոխ է մնում, ժամանակի ընթացքում ինչ–որ բաների փոփոխությունների անհրաժեշտություն առաջանում է»։
ՀՀ նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են. «Դրա վկայությունն են Ադրբեջանի նախագահի` 5 օր առաջ ունեցած մամուլի ասուլիսի տեսակետները, եւ մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում մենք մենակ չենք լինելու»։











