Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «աբսուրդ» է որակում ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։
«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», - ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։
Նա ընդգծեց՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, այդ թվում ոչ այնքան մեծ քաղաքական բեռ ունեցող նախագծերին, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որպեսզի տեխնիկական պահանջը կատարի և չզրկվի աշխատավարձերից և կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրականացնում:
«Սա քաղաքական աբսուրդ է», - հավելեց Ռուբինյանը։
Ռուբինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. «Հենց նոր քաղաքական մեծամասնության կողմից փորձ արվեց հերթական սպեկուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվեարկությունների վերաբերյալ քվեարկողներից բացատրություն պահանջել: Պարո՛ն Ռուբինյան, դուք առնվազը մեզ՝ «Հայաստան» դաշինքին, չեք քվեարկել, եթե մեզ եք քվեարկել՝ խնդրում եմ հրապարակային ասեք, շատ շնորհակալ կլինենք և բացատրությունը կտանք ձեզ մեր քվեարկությունների վերաբերյալ»:
Անդրադառնալով պատգամավորների ազատ քվեարկությանը, կամքի և համոզմունքի ազատ արտահայտմանը՝ Մինասյանը շարունակեց. «Դուք հենց հիմա ցույց եք տալիս ձեր երկրորդ հիմնական դեմքը, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ցույց տալ ԱԺ նիստերին մեր մասնակցությունը: Շատ պարզ բան կա՝ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը եղել եք դուք, անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել»:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը, դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց որ ընտրությունները կեղծելու մեջ Դաշնակցկությանը մեղադրելը իրականության առաջ մեղք գործել է նշանակում, իսկ կողքից արձագանքած Խաչատուր Սուքիասյանին սաստեց՝ ասելով, որ նա ավելի շատ է համագործակցել իշխանությունների հետ ընտրությունների կեղծման շրջափուլում:
«Պատասխան հարց եմ տալիս, ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է», - հետաքրքրվեց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ կոչ արեց Ալեն Սիմոնյանին սաստել առանց ձայն խնդրելու ռեպլիկ անող փոխխոսնակին. «Պարոն Ռուբինյան, դա ձեզ է վերաբերում: Ձեր իրավասությունների ու լիազորությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը»:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Եկեք իրար չասենք, թե ով ինչպես պետք է աշխատի: Եթե ես ձեր խմբակցությանը նույն ձեւ վերաբերվեք, ձեր խմբակցության կեսը 7 օրով ընդհանրապես դահլիճ չի մտնի: Այսինքն եթե խստապահանջություն եք պահանջում, սկսեք ձեր խմբակցության անդամներից»:











