Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Այն անհիմն քրեական հետապնդում է, մեղսագրված արարքները իրականության հետ աղերսներ չունեն։ Սա ապօրինի քրեական հետապնդում է»,- նշեց Կոչուբաեւը։

Պաշտպանի կարծիքով՝ շուտով այդ գործով ունենալու են արդարացման դատական ակտ. «Այն ծավալը, որը մեզ հասանելի է, այստեղ գործ ունենք բացառապես անհիմն մեղադրանքների հետ»։

Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, հետաձգել է նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասապարյանի եւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվել է Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության եւ կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձեւական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Պարզվել է, որ  Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: