Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 17-ին, ընթացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօրվա նիստին ուսումնասիրվել է գործում եղած ապացույցները։
Դատարանն անցել է հրթիռների զննության կից լուսանկարների ուսումնասիրությանը։
Պաշտպանի խոսքով՝ լուսանկարների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ «անպիտան» կոչվող հրթիռներն արտաքին տեսքից անպիտան չէին. «Այդ լուսանկարների ուսումնասիրումը եւս մեր օգտին էր»։
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որոշմանը՝ պաշտպանն ասաց. «Ենթադրյալ վնասը, որը վերագրվում է, արդեն իսկ երաշխավորված է, եւ այդ հիմքով ամբաստանյալներից մեկն ազատության մեջ է գտնվում»։
Հարցին՝ մեղադրող կողմն ի՞նչ հիմք է ներկայացնում Տոնոյանին կալանքի տակ պահելու համար, պաշտպանն ասաց. «Կարեւոր չէ, թե ինչքան միջնորդություն ենք ներկայացնում, ինչքան է տեւում, մեղադրողը խոսում է մեկ նախադասությամբ՝ առկա է կալանքի հիմք, այն է՝ քրեական դատավարության մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն, խոչընդոտել ու վերջ։ Հարց ենք բարձրացնում՝ ո՞ր վկայի վրա, ո՞ր ամբաստանյալի վրա։ Եթե նրանցից որեւէ մեկի ցուցմունքում Տոնոյանի անունն անգամ չկա, վկաներից մեկի հետ է միայն առերեսվել, լավ, ո՞ւմ վրա պետք է ազդեցություն գործադրի. այդ առերեսված վկայի՞, ասեց, որ այդ մարդուն ժամանակին բերենք, հարցաքննենք»։
Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ սա իրավական պրոցես չէ. «Այս քրեական գործն առհասարակ չպետք է դատարան հասներ, նյութերով հնարավոր էր այդ ենթադրյալ հանցագործության հարցը լուծել։ Տոնոյանն իր հայտարարություններից մեկում նշել էր, որ իր նկատմամբ իրականացվում է թավշյա քաղաքական հետապնդում։ Կարծում եմ՝ սրանով հասկացողները հասկացան՝ ինչ նկատի ուներ Դավիթ Տոնոյանը։ Առանց քաղաքական հովանավորչության Դավիթ Տոնոյանի գործն այսքան երկար չէր ապրի»։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը կամ նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը» և այլ բարձրաստիճան զինվորականներ։
Ըստ մեղադրանքի՝ այդ ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի՝ նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու, իսկ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։











