Դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի գործով Դատախազությունը իրավական պրոցեսներին խառնում է նաեւ այնպիսի իրավիճակներ, որ անուղղակիորեն ճնշումներ գործադրի պրոցեսի եւ դատարանի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մեզ մոտ խորը զարմանք է առաջացրել Դատախազության մոտեցումը։ Նախաքննության փուլում առաջին ատյանի դատարաններն արձանագրել են, որ բացարձակ որեւէ հիմք չկա կարծելու, որ Արուսյակ Ալեքսանյանը ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել, խուսափել եւ նոր հանցանք կատարել։ Դատախազը բողոքարկել է որոշումը, որը մերժվել է։ Ընդ որում, երբ երկրորդ անգամ կալանքի երկարացման ժամանակ նույն հիմքերն էր նշել, դատարանը տրամաբանական հարց էր տվել՝ նախորդ անգամ որ այդ հիմքերը մերժել էին, որեւէ նոր փաստական տվյալ ունե՞ք, որի հիման վրա կասեք՝ այս անգամ արդեն հիմնավոր է, նշվում է՝ ոչ».- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով դատախազի այն առարկությանը, թե Ալեքսանյանն ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը, նշեց. «Երբ վերջին անգամ դատարանը մեկ ամսով երկարացրեց Ալեքսանյանի կալանքը, նշեց, որ այս փուլում որոշակի գործողություններ կան, այդ պատճառով է երկարացվում, հիմա ավարտեցին այդ գործողությունները, տրամաբանորեն այդ հիմքերը վերացան»։

Երեմ Սարգսյանը շեշտեց, որ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմք չկա. «Շարունակելու անհրաժեշտությունը բացարձակապես բացակայում է։ Այդքանից հետո որ գոնե տնային կալանքը ուժի մեջ է մտել, լիարժեք բավարար միջոց է։ Եթե հանկարծ դատարանը նույնիսկ դա չանի, նշանակում է, որ այդ գործով լուրջ ճգնաժամ կա։ Ասել, որ նույնիսկ խոչընդոտման հավանականություն կա, բայց տնային կալանքը բավարար չի, աբսուրդ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ինչը բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ դատավորին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Մանրամասներ՝ տեսանյութում