Համոզված եմ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատական գործը շինծու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը:
Նշենք, որ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը: Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:
«Այս դատական պրոցեսները ցույց կտան՝ կա՞ն իրավագիտության մեջ երկակի ստանդարտներ: Ինձ թվում՝ չկան: Հարցը գումարայինը չէ, հարցը բարոյական է, 50 հազար դրամը որեւէ մեկի կյանքի մեջ էական նշանակություն չունի, բայց ինչ է նշանակում հերոսածին ծնողին տուգանել 50 հազար դրամով: Երեւի պետական բյուջեն դրա կարիքն ունի, եթե իմանանք՝ դրա կարիքն ունի, մենք դրամահավաք կանենք, մեր անձնական գրպաններից այդ 50 հազարականները կմուծենք, բայց ոչ Վարչական դատարանի միջոցով: Երեւի պարգեւավճարներ պետք է տան»,- ասաց Վահիդ Սահակյանը:











