Վտանգավոր է, երբ հատկապես իշխանական խոսույթում դիտարկում կա, որ ԵՄ դիտորդները համարվում են որպես ռուսական շարժինհետող գործողություն. Դա նշանակում է, որ մենք ռուսական եւ արեւմտյան շահերի բախումը կառուցեցինք Հայաստանի վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Սա հիմարություն է քաղաքական տեսակետից, իսկ ազգային անվտանգության տեսակետից՝ սպառնալիք: Ամեն ինչ պետք է անել, որայստեղ շահերի հակադրություն չդիտվեր, բայց իրենք ամեն ինչ արեցին, որ մի կողմից ՌԴ-ն, մյուս կողմից Եվրոպան, հայտարարեն, որ այստեղ իրենք իրար դեմ են կռվում: Սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանում: Եթե գալիս են լրացնելու, դա մի բան է, բայց եթե պետք է գան ու իրար փոխարինելու մոտեցումով շարժվեն, սա շահերի հակադրության է բերելու եւ Հայաստանը հայտնվելու է հարվածների տակ:
Այն, որ հիմա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ են հնչում, գուցե պատճառը նաեւ այն է, որ սկսել են Հայաստանին դիտարկել որպես ԵՄ շահերը սպասարկող երկիր: Ինչո՞ւ ենք բերում հակադրությունների դաշտ: Եթե դու ասում ես՝ ԵՄ դիտորդները պետք է գան, որ ռուսական շարժին հետեւեն, կամ ՀԱՊԿ-ի զորավարժությունները մեզ համար սպառնալիքներ են, սա նշանակում է, որ դու ուղիղ հրահրում ես հակադրություն ու բախում Հայաստանի տարածքում»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Մյունխենի համաժողովում Ալիեւի հայտարարություններին, նա ասաց. «Ես չեմ ուզում անդրադառնալ նսեմացնող վիճակին, որի ականատեսը եղանք: Ալիեւին համարժեք պատասխան պետք է տրվեր բոլոր հարցերում: Նրա ամեն մի արտահայտություն վիրավորանք էր: Սա իսկապես հարված էր մեր ազգային արժանապատվությանը. Թե Ալիեւի լկտի, ստահակ պահվածքը, թե նաեւ Նիկոլ Փաշինյանի անօգնական, խեղճացած, մեղք վիճակը: Նման ձեւով չի կարելի երկիր ներկայացնել»:











