Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավարությանը հարցաքննվեց գործով վկաներից Արսեն Հարությունյանը:
Նա դատարանին հայտնեց, որ 2011-2014 թթ. զբաղեցրել է «Մաքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը, իսկ այժմ չի աշխատում:
Վկայի խոսքով՝ ընկերության իրական տնօրինությունն իրականացրել է Խաչիկ Մանուկյանը. «Ես զբաղվել եմ կազմակերպչական եւ ֆինանսական հարցերով: 2019 թվականի գարնան վերջ զանգահարեց ինձ Խաչիկ Մանուկյանը եւ հրավիրեց իր մոտ եւ ասաց՝ գործընթաց կա եւ հնարավոր է՝ քեզ էլ կանչեն ՀՔԾ»:
Արսեն Հարությունյանն ասաց, որ Խաչիկ Մանուկյանը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին։
Անդրադառնալով բուն քրեական գործին եւ այդ ժամանակաշրջանում կազմակերպված տենդերին՝ վկան պատմեց. «Խաչիկ Մանուկյանն ինձ հրահանգ տվեց, որ սենց տենդեր կա, էս գինը ներկայացրու, եւ մասնակցենք էս տենդերին, կշհենք՝ լավ, չենք շահի՝ Աստված մեր հետ»:
Նա պատմեց, որ ընկերությունն այդ ժամանակ Պարսկաստանից ներմուծում էր վառելանյութ. «Ես ներկրման հարցերով չեմ զբաղվել, հիմնականում Խաչիկ Մանուկյանն է զբաղվել»:
Վկայի խոսքով՝ ընկերությունը մասնակցություն ունեցել է տարբեր տենդերների, ներկայացրել է գնային առաջարկներ. «Տվյալ դեպքում գյուղատնտեսական վառելիքի տենդերի առաջարկը եւ գինն ինձ ասել է Խաչիկ Մանուկյանը: Ինչքան հիշում եմ` գնային առաջարկը 1 լիտրի դիմաց 420-430 դրամի սահմաններում պետք է լիներ։ Այդ վառելիքը պետք է տրամադրեինք գյուղատնտեսական սուբյեկտներին»:
Նա նշեց, թե չգիտի՝ ինչու իրենց ընկերությունը չշահեց տենդերը:
Դատավոր Վահե Միսարյանը վկային ասաց, որ իր ցուցմունքում վստահություն է հայտնել, որ իրենք են ամենացածր գինն առաջարկել եւ մրցույթում իրենք կհաղթեն․ «Ես այդ հանգամանքը վեր եմ հանում ձեր ցուցմունքներից։ Ուզում եմ հասկանալ՝ վստահություն իրականում եղել է, թե ոչ»։
«Ես չեմ կարող ասել՝ ամենացածր գինը մենք ենք առաջարկել, թե ոչ։ Եթե ես նմանատիպ պնդում եմ արել, ապա դա ինձ կարող էր հայտնի լինել միանշանակ Մանուկյան Խաչիկից»,- պատասխանեց նա։
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտ է եւս մի քանի հարցաքննություն իրականացնել այլ վկաների հետ։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին` 14։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։











