Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա նայեք Հայաստանի բյուջեն եւ Ադրբեջանի բյուջեն, նայեք Ադրբեջանի բնակչությունը եւ Հայաստանի բնակչությունը, նայեք Ադրբեջանի արտաքին ռեզերվները, Հայաստանի ռեզերվները, նայեք Ադրբեջանի դաշնակիցների հուսալիությունը, մեր դաշնակիցների հուսալիությունը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե 120 հազար բնակչություն ունեցող Արցախը կարո՞ղ է իրավահավասար պայմաններում Ադրբեջանի հետ երկխոսել, այն դեպքում, երբ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել, ցեղասպանը կարո՞ղ է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ:

«Այդ տրամաբանությամբ Հայաստանի ներգրավմամբ էլ չի լուծում այդ դիսբալանսի հարցը: Դրա համար է, որ մենք ուզում ենք՝ միջազգային մեխանիզմներ գործարկվեն: Դրա համար է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով առաջացած ճգնաժամը միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու ուղիներ ենք փնտրում: Ո՞վ է դիմել Արդարադատության միջազգային դատարան, որը Լաչինի միջանցքի եւ ԼՂ հումանիտար խնդրի առումով կայացրել է շատ կարեւոր որոշում: Եթե Հայաստանը մենակ թողնել Լեռնային Ղարաբաղին, չէր դիմի արդարադատության միջազգային ատյան:

Մենք 2022-ին 186 մլրդ դրամի բյուջետային աջակցություն ենք ցուցաբերել Ղարաբաղին: Այստեղ խնդիրը ամենեւին մենակ թողնել-չթողնելու մասին չէ: Մենք Արցախը «մենակ չթողնելու» եւ Արցախի փոխարեն խոսելու վերնագրի տակ պրոբլեմ ենք ստեղծել եւ Արցախի, եւ Հայաստանի համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ ժամանակին ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելով եւ այդ մենաշնորհը վերցնելով մենք մաքուր ներքաղաքական եւ իշխանության հարց ենք լուծել, ոչ մի օգուտ չենք տվել ԼՂ-ին. «Ես չեմ ասի, որ դա երազանքների կոնֆիգուրացիան է, բայց ես համոզված եմ, որ ճիշտ մոտեցումը դա է՝ սպառնալիքները կառավարելու եւ հնարավորություններն օգտագործելու շանս ստանալու համար: Խորագետ լինելու մասին է հարցը, եթե հայտարարություննրով հարցերը լուծվեին, վաղուց լուծված կլինեին: Այլ բան է, թե այդ հայտարարություններն իրականության վրա ինչ ազդեցություն են ունենում»,-ընդգծեց Փաշինյանը: