Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր ընդդիմությունը կարծում, որ այդ 5-րդ շարասյունը գործել է բացառապես բանակում: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Միայն բանակում չի գործել ու շարունակում գործել, այլնաև՝ քաղաքական և լրատվական ասպարեզներում: Բուռն զայրույթ է առաջացրել 5-րդ շարասյան վերաբերյալ արտահայտությունը, բայց չգիտես ինչու, երբ հաղորդագրություն է եղել, որ եղել է բարձունք, որն ադրբեջանցիները գրավել են, հետո մեր զորքերը հետ են գրավել, մի հրամանատար գնացել, ասել է՝ թողեք այդ դիրքերն և իջեք: Մերոնք իջել են՝ ադրբեջանցիք էլի եկել են: Երբ այդ դեպքը տեղի է ունեցել, չգիտես ինչու, մամուլի մի հատվածը, որն առավոտից իրիկուն զբաղված է մեզ քննադատելով ու պաշտպանելով այլ քաղաքական ուժերի, սկսել է արդարացնել այդ հրամանատարին»,-հայտարարեց Ալեքսանյանը:
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կա դրվագ, որով մեղադրանք է առաջադրված մի հրամանատարի, որը պատշաճ չի կազմակերպել Շուշիի պաշտպանությունը. «Բայց չգիտես ինչու՝ մարդիկ, որոնք առավոտից իրիկուն մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, սկսել են պաշտպանել այդ մեղադրվող մարդուն»,-ասաց նա և հավելեց, որ իրեն հայտնի է քրեական գործերի մի շարք դրվագներ, որ տարբեր հրամանատարներ իրենց զորքերին ասել են, թե Նիկոլ Փաշինյանը հողերն արդեն տվել է և պետք է փրկվել մսաղացից:
Պատգամավորի խոսքով՝ գործել է ցանց, որը կառավարվել է մեկ կետից, եւ դա չի եղել Հայաստանում. «Այդ կետն արմատներ ունի գծած թե լրատվական դաշտում, թե քաղաքական դաշտում: Այդ սինխրոնացված գործողությունները եղել են: Այո, դա 5-րդ շարասյան գործունեություն է և այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի: Իսկ նրանք, ովքեր երեկվա վարչապետի հայտարարությունից ընկել են սուր հոգեվարքի մեջ, կարծում եմ՝ առնվազն ազդակներ են տալիս այդ 5-րդ շարասյան հետ իրենց առնչության մասին»,-ասաց Ալեքսանյանը:











