Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ քաղաքացիներն իրավունք ունեն ղեկավարներին դավաճան համարել, այո, ունեն այդ իրավունքը, բայց դա չպետք է կրի կազմակերպված բնույթ, որեւէ կուսակցություն դա չպետք է խրախուսի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:

«Երբ մարդն ասում է՝ որտեղ տեսնեմ, այդ բանն անելու եմ, սա արդեն քաղաքացու դիրորոում չի, մի քիչ ուրիշ բան է: Այդ առումով, Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի նրբանկատ գտնվել եւ որպես առաջին նախագահ իր ծանրակշիռ խոսքն ասել, որ երեւույթը տգեղ է:

Իմ համոզմամբ, այս ամենը միտված է նրան, որ իշխանություն կրողները հունից դուրս գան, քան վերաբերմունք է: Չի կարելի դա անտեսել ու ասել՝ դա նորմալ է: Նորմալ չի, ճիշտ չի դա»,-ասաց նա:

Միաժամանակ Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները պետք է ընդունեն, որ իրենց ազատությունները որպես մասնավոր կյանք ունեցողների, սահմանափակ է, ի տարբերություն սովորական քաղաքացիների. «Նրանք պետք է իմանան, որ իրենց անցուդարձը հասարակական խոշորացույցի տակ պետք է գտնվի, եւ պետք է իրենց զուսպ պահեն ավելի: Դա նորմալ է, մենք պետք է ընտելանանք, որ մենք հսկողության տակ ենք հասարակության, եւ մեր ամեն մի արձագանքը տհաճ երեւույթներին մեզ որոշակի ազատություններից զրկում է»:

Վիգեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն պետք է քննարկի Ալեն Սիմոնյանի հետ կապված այդ միջադեպը եւ հասարակությունը պետք է տեղեկանա համապատասխան արձագանքի մասին. «Բայց սա անձնական չի, դա չպիտի ընկալել, որ ես արժանապատվություն ունեմ, պետք է պատասխան տամ: Չէ, սահմանափակված ես, պաշտոնյա ես: ՔՊ-ի բարձրագույն մարմինը  պետք է քննարկի այս միջադեպը եւ հրապարակային իր վերաբերմունքն արտահայտի:  Դա պետք է բոլորի համար պետք է դաս լինի, մեզ կարող են եւ կշտամբել եւ հանիրավի վիրավորել, մենք պետք է զուսպ լինենք: Ցանկացած սխալ կարելի է ուղղել եւ ցանկացած սխալի համար կարելի է պատասխանատվության կանչել: Թե պատասխանատվության կանչելու որ աստիճանն է այս պարագայում անհրժեշտ, իրենք թող քննարկեն:

Մյուս կողմից, սակայն Տեր-Պետրոսյանին վայել չէ շրջանցել քայլերը, որոնք ողջունելի չեն: Աշխարհում շատ բան է եղել, ինչո՞ւ պետք է Հայաստանում կրկնվի: Այո, աշխարհում շատ բան է եղել, դա չի նշանակում, որ որտեղ ինչ ախմախություն եղել է, մենք պետք է կրկնենք: Տեր-Պետրոսյանը պետք է ասեր՝ նման պահվածքը լարում է իրավիճակը, հունից հանում է մարդկանց, չի կարելի դա անել: Տեռր-Պետրոսյանի կրակին յուղ է լցնում»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս փողոցում քաղաքացիներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր դավաճան, որից հետո, ըստ տեղեկությունների, վերջինս իր թիկնապահներին հրահանգել էր բռնել նրան եւ ինքը թքել էր քաղաքացու վրա:

Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով: