Խորհրդարանի նախագահի մասնակցությամբ միջադեպը վկայում է խորքային խնդիրների մասին, եւ այստեղ պետք է աշխատանք կատարվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 6-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա գնահատմամբ՝ նման միջադեպերը պատիվ չեն բերում որեւէ երկրի։ Անդրեասյանը նշել է այն մասին, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն։ «Այստեղ ես տեսնում եմ կրթական համակարգի լուրջ դերը, մշակույթի, գիտության, սպորտի ոլորտի դերը։ Նման միջադեպերը վեր են հանում բազմաթիվ խնդիրներ, որոնք կան մեր երկրում՝ հանրային համերաշխության տեսակետից։ Հանդուրժողականություն պետք է ցուցաբերեն բոլորը»,- նշել է նախարարը։
Նա հավաստիացրել է, որ չի հետեւել խորհրդարանական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է ընդդիմությունից օմբուդսմենի թեկնածուի ընտրության հարցը, որի ընթացքում տեղի է ունեցել բանակռիվը։ «Հարցի քննարկումը պետք է վարվի այնպիսի տոներով, որոնք հենց կվկայեն մարդու իրավունքների հարգման մասին։ Ցավում եմ, եթե չի հաջողվել ապահովել համապատասխան մակարդակ։ Ինչո՞ւ չի հաջողվել։ Գուցե, որոշ անձանց համար այդ ինստիտուտի լրջությունն այնքան ցածր է իջեցվել, որ ամեն բան հանգեցվել է ֆեյք քննարկման»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։











