Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց չի քննարկվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հերքեց նաև այն լուրերը, թե Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահ կարող է դառնալ Հայկ Կոնջորյանը. «ԱԺ-ն 2021-ի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները: Որեւէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա: Այդպիսի օրակարգ չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,-ասաց Խանդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս փողոցում քաղաքացիներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր դավաճան, որից հետո, ըստ տեղեկությունների, վերջինս իր թիկնապահներին հրահանգել էր բռնել նրան եւ ինքը թքել էր քաղաքացու վրա:

Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով: