Թե ինչու են քննչական գործողությունները կատարվում են խորհրդարանում, ենթադրում եմ՝ հեշտ կազմակերպման համար է, այլ պատճառ չեմ տեսնում, որովհետեւ  բազմթիվ քննչական գործողություններ պետք է կատարվեն, որոնց մասնակիցները գտնվում են խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամվոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ում այսօր քննիչներ էին եկել եւ ԱԺ պտգամավորների առերեսումներ են կազմակերպվել:

«Առերեսումներ իրականացվում են, երբ առկա են էական հակասություններ նախապես հարցաքննված դատավարության մասնակիցների միջեւ: Այսինքն կարելի է հետեւություն անել, որ բոլոր մասնակիցները հարցաքննվել են, որ կան էական հակասություններ: Մենք չունենք նախաքննության մարմնի դիրքորոշումը: Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել»,-ասաց նա:

Հարցին, թե իր տպավորությամբ Մհեր Սահակյանին կզրկե՞ն անձեռնմխելիություն եւ կկալանավորեն, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում իմ կանխատեսումները հրապարակել: Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն քննության ընթացքում: Իրավաբանության տեսանկյունից շատ զարմանալի, տարօրինակ, նհասկանալի կհամարեի, եթե կալանավորման միջնորդություն լիներ, բացի քրեական հետապնդման միջնորդությունից»:

Նա նկատեց, որ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վտանգը կա. «Բայց ասել, որ մենք ունենք համոզմունք, հիմիկվանից մեղադրանքներ հնչեցնել ես չեմ ուզում: Մենք առաջին օրից ընդունել ենք հարվածի առկայությունը, մեջբերեմ Մհեր Սահակյանի խոսքը՝ «Եթե ես թույլ եմ տվել անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների անցում, ապա  պատրաստ եմ դրա համար պատասխան տալ»: Այս տեսանկյունից իրավաբանորեն մենք շատ չենք զարմանա, եթե Գլխավոր դատախազը հանդես գա միայն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ: Մենք մեր մոտեցմանն ենք մնում, որ վնասը հասցվել է իրավաչափության պայմաններում»,- ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ հնարավոր կալանավորման միջնորդություն ներկայացնելը Մհեր Սահակյանի նկատմամբ շատ տարօրինակ կլինի:

«Մենք բոլորս գիտենք, որ իրավապահ մամիններն ամբողջովին քաղաքական իշխանության վերահսկողության տակ են  ու այս գործով չէ, որ այդ հետևությանը պետք է գանք։ Բայց հույս ունեմ, որ իրավապահ մարմիններում մարդիկ կան, որոնք ունեն մասնագիտական արժանապատվություն»,- ասաց պաշտպանը։

Վերջինս նշեց, որ առերեսումներն արվում են ճշմարտությունը բացահայտելու համար և պետք չէ բացասական նայել ԱԺ-ում այսօր տեղի ունեցած առերեսումներին։

«Մարմնական վնասվածք հասցնելու հարցը մի կողմ դնելով՝ կասեմ, որ մենք դեմ էինք և շարունակում ենք դեմ լինել խուլիգանության վարկածին, Վլադիմիր Վարդանյանը հաղորդում էր ներկայացել ինչ-որ առարկայով հասցված հարվածի մասին: Անկեղծ ասած՝ հույս ունեմ, որ Վարդանյանը ինչ-որ մի օր կասի, որ իրականում նման բան չի եղել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել:

Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։