44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, ով Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։
«Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչի համար է առերեսումն ուշանում։ Իր համար շատ անսպասելի է եղել Աշոտի դուրս նետվելը։ Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտն իրեն սխալ է հասկացել, այժմ նա սպասում է առերեսմանը։ Ինքնազգացողությունը լավ չէր», - հաղորդեց Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։











