Իրականությունն, իմ պատկերացմամբ, այն է, որ փորձում են զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկել: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը:

«Այստեղ Գայանեի նկատմամբ անհատական վերաբերմունք չէ, այլ վերաբերմունք է որդեկորույս ծնողների նկատմամբ: Ուզում են ցույց տալ, որ որդեկորույս ծնողները խախտում են օրենքը: Մենք «Որդիների կանչ» ՀԿ-ով մեր կարգախոսն է՝ օրինականություն, հայրենասիրություն եւ պաշտպանություն բանակին: Մենք կորցրել ենք մեր թանկագինը, փորձում ենք մեր քայլերն այնպես անել, որ հետագա կորուստներ չլինեն»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:

Սասուն Բադոյանի խոսքով՝ սա միտումնավոր գործ է. «Ես մեղադրում եմ թիկնազորին, ո՞ւր էր թիկնազորը, նա պարտավոր էր նրա կողքին լինել: Օգտագործվել է ծնողների էմոցիան: Դատավարությունից հետո ծնողները էմոցիայով դուրս են եկել եւ կան տեսանյութեր, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ, իրար հետ որոշում են մեքենա նստել, միասին նստում են մեքենան եւ շարժվում: Ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանն այնտեղ: Մենք գիտենք, որ նրանց վաղուց այնտեղ չեն ապրում: Դատարանի բակը մեծ է, ճանապարհի եզրին կա մայթ, որտեղով հետիոտնը գնում-գալիս է, նույն ժամին ու նույն պահին այնտեղ գտնվելը ինչ է նշանակում»:

Հարցին, թե ինչպես՞ է ստացվում, որ զոհվածների ծնողներին Եռաբլուրից բռնի ուժով բերման են ենթարկում, եւ որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվում, իսկ այս դեպքով նույնիսկ ձերբակալված անձ կա, զոհվածի հայրն ասաց. «Եվ հակառակը Եռաբլուրի դեպքից հետո ծնողներին են դատի տվել, որ ոստիկաններին վիրավորել են եւ հրամանին չեն ենթարկվել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։