Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, երեւի վախենում է գալ զոհված զինծառայողների ծնողների հետ առերեսման: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող այրին:
«Տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրում, հեռու չէ Աշոտ Փաշինյանից, որ նա է հաղորդում ներկայացրել: Քննչական կոմիտեն կամ Ոստիկանությունն ինչո՞վ են իրարից տարբերվում. Նիկոլի նույն ստրուկներն են: Տեսանյութերից պարզ երեւում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստել է Գայանե Հակոբյանի մեքենան: Այդ միայնակ կինը նրան ի՞նչ պիտի աներ»,- նշեց զոհվածի այրին:
Հարցին՝ ինչո՞ւ է ծնողների հետ առերեսումը հետաձգվում, նա պատասխանեց. «Տեսանյութից երեւում է, որ Աշոտ Փաշինյանի վախը, թե իրեն ոնց է նետում մեքենայից: Սա է իրականությունը, երեւի վախենում է գալ առերեսման: Երեւի վախենում է նայել զոհվածի ծնողի աչքերին: Նա չի գա առերեսման՝ հերթական անգամ ծնողներին այս վիճակին պահելու համար»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։











