Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Մարտիրոսյանի առերեսման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքները: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ հանդիպմանը, անգամ կանխատեսել էր եւ հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը: Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան սիթի» հասնելը չկային արդյոք այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց, թե ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէի կարող իջնել։ Այ էդպես պատրաստված էր եկել առերեսման»,-հայտարարեց պաշտպանը:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։











