Աշոտ Փաշինյանի գործը շինծու է, Գայանե Մարտիրոսյանն իրեն չի առեւանգել, Աշոտն ինքն իր ոտքով նստել է մեքենան։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
«Գայանեն անհապաղ պետք է ազատ արձակվի, ինքը մեծատառով կին է, որը հիանալի տղա է դաստիարակել, իր տղան Ռուսաստանի քաղաքացի էր, բայց եկել եւ զոհվել էր հանուն հայրենիքի։ Այդ պահին 25 ծնող ներկա է եղել, որեւէ մեկը շշուկ չի հանել, ոչինչ չի ասել Աշոտի հասցեին։ Մենք միշտ դատերից հետո գնում ենք «Եռաբլուր», այդ օրն էլ պետք է գնայինք, այդ երեխան հայտնվել է։ Զարմանում եմ Աշոտ Փաշինյանի վրա, 23 տարեկան տղա է, ի՞նչ պետք է աներ այդ կինն իրեն։ Գուցե հոգական խանգարումներ ունի, չգիտեմ, բայց ինքը հենց իր նկատմամբ սխալ է արել»,- ասաց Սահակյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։
Դատարանը քննում է զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու հարցը











