Վարչապետի հետ ամենատարբեր հարցերն ենք քննարկել, ներֆրակցիոն, քաղաքական թիմին վերաբերող, մեր օրակարգերին վերաբերող. Սա մեր հերթական հանդիպումներից մեկն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության փակ հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք այդ հանդիպմանը վարչապետին հարց հնչել է, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կմ-ի սահմաններում ճանաչելու դեպքում Արցախը եւս նրա կազմում չէ, ՔՊ-ականը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ հրապարակային հայտարարություն է հնչեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ստեղծված բարդ իրավիճակում մեզ համար ամենակարեւորը մեր երկրի, պետության եւ Արցախի մեր հայրենակիցների շահն է:  Հայկական կողմը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մեր հավաքական պատկերացումները լավագույնս ներկայացված լինեն բանակցությունների շրջանակում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ խաղաղության օրակարգը հասնի իր վերջնակետին»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ռուսական եւ արեւմտյան հարթակներում ընթացող բանակցություններին, Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր բոլոր հարթակներում ներկայացնենք մեր պատկերացումները. «Ես չէի ուզենա, որ շեշտադրում անենք որեւէ երկրում ընթացող բանակցությունների վրա, եւ ստորադասեինք մեկ այլ երկրում ընթացող բանակցությունները: Մենք բոլոր հարթակները պետք է օգտագործենք, որտեղ կարող ենք խոսել մեր պատկերացումների մասին եւ ներկայացնել մեր սկզբունքները: Սա շատ բարդ ճանապարհ է, բայց ես լիահույս եմ, որ վերջնակետը կլինի մեր բոլորի պատկերացումներին համապատասխան»: