ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ի լրագրողը իր հարցի իրավունքը զիջեց կառավարության դիմաց նստացույց հայտարարած  զոհված զինծառայողների ծնողներին եւ միացրեց ձայնագրիչը եւ հնչեցրեց նրնց երկու հարցերը:

Զոհված զինծառայողների ծնողները ունեին երկու հարց. «Երկու հարց ունենք Նիկոլ Փաշինյանին. Առաջինը վերաբերում է այս պահին կալանավորված Գայանե Հակոբյանին. Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար եւ դավաճանական քաղաքականության արդյունքում, եւ որը ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, այսօր քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն ննջում է  Եռաբլուրում:

Երկրորդը. ժամանակին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է ու վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ եւ տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմին մեր տղաները զոհվեցին:  Այժմ դուք ձեր դեմքին նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ  Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել եւ այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին տարաք եւ սպանեցիք Ադրբեջանում: Դուք տարաք եւ ոչ թե նախկինները»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյնը միայն ասաց. «Հայաստանի ԶՈՒ եւ ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես որեւէ այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաեւ ԼՂ-ում: Մնացած հարցերին ես արդեն պատասխանել եմ ի պատասխան լրագրողների հարցերի»: