Ես Հովիկ Աղազարյանին ու Արթուր Սարգսյանին նախազգուշացում եմ հայտարարում, ցանկություն չկա որևէ ձևով լարել իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Սա կազմակերպված սադրանք էր  ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին։ Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա Հայաստանի Ազգային ժողովն է։

Այդ պատգամավորը հայտնվեց ու սկսեց քաջալերել Արթուր Սարգսյանին, որ գնա դուխով ելույթ ունենա ու ինձ համար ակնհայտ դարձավ, որ սադրանք է նախապատրաստվում։ Հետո պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որի իրավունքը ինքը չունի, հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան Հովիկ Աղազարյանի վրա ու պաշտպանել պարոն Սարգսյանին։ Հասկանալով, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն մտնում այդ սարանքի մեջ,  ինձ կոչ արեցին պատգամավորներին հանգստացնել»։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները օգտագործեցին այս առիթը՝ դահլիճ չգալու համար։

«Իսկ ինչո՞ւ չգան դահլիճ։ Կարո՞ղ եք գուշակել։ Որովհետև այսօր հարց ու պատասխան կա, այստեղ  ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը։ Իրենց առիթ էր պետք, որ կամ ծեծկռտուք լինի ու իրավիճակը լարվի, կամ որևէ ձևով իրավիճակ ստեղծեն։ Այստեղ չստացվեց, փորձեցին միջանցքում անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստեղծել: Ասելիք ու օրակարգ չունեցող  ընդդիմությունը  մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել, խնդրում եմ չտրվել այդ սադրանքներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիմելով ՔՊ-ականներին՝ նա ասաց. «Ակնհայտ է՝ ասելիք, առաջարկ, ընդհանուր առմամբ օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել։ Խնդրում եմ՝ այդ սադրանքներին  չտրվել,  որովհետև մենք ավելի պատասխանատու ենք մոտենում մեր գործին՝   գիտակցելով այն ժամանակահատվածն ու իրավիճակի պատասխանատվությունը, որը կրում ենք մեր ուսերին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ դահլիճում կրքերը թեժացան այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը դիմելով դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին, ասաց, որ 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն: «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- հավելեց նա, իսկ ելույթից հետո էլ ասաց. «Նայեք իմ աչքերի մեջ», որից հետո իրավիճակը լարվեց:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Արթուր Սարգսյանին ասաց. «Վեր ընկի տեղդ»:

Արթուր Սարգսյանն արձագանքեց. «Ո՞նց թե վեր ընկի տեղդ, դու ով ես, որ ինձ ասես՝ վեր ընկի տեղդ. Դու ոնց կարաս ինձ հետ տենց խոսաս»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Երբ անվտանգության աշխատակիցները ուժով դուրս էին տանում Արթուր Սարգսյանին, քաշքշուկ սկսվեց, քանի որ մյուս պատգամավորները փորձում էին խոչընդոտել: Արթուր Սարգսյանը բղավեց. «Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հենց իր անդաստիարակությունն էր, բոլոր իշխանություններին քծնելու ցանկությունն էր»:

Արդեն նիստերի դահլիճից դուրս թեթեւ քաշքշուկ սկսվեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: Մյուս պատգամավորները փորձում էին բաժանել ու պատնեշ ստեղծել նրանց միջեւ: