Բրյուսելում ոչ մի անակնկալ տեղի չի ունեցել, ոչ մի գործնական արդյունք չի գրանցվել։ Այս մասին հուլիսի 18-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը։

«Նույնիսկ տեսանելի չէ, որ հարցը կարող է կարգավորվել։ Հնչեց միայն Աղդամով միջանցք բացելու Բաքվի նախաձեռնությունը»,-նշեց նա։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել է, որ այն միջավայրը, որի ժամանակ ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կտրուկ փոխվել է, Հայաստանի իշխանությունները պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Կոչ է հնչել նաեւ խնդրի կարգավորման մասին փաստաթուղթ ստորագրել Մոսկվայում։

«Ե՛վ ԵՄ-ն, եւ՛ ԱՄՆ-ն, եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Իրանը, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանն առաջ են տանում իրենց ազգային շահերը, բացի՝ Հայաստանից։ Մենք դարձել ենք Արեւելք-Արեւմուտք հակասությունների հարթակ ներկայիս լարված իրադրության պայմաններում։  Նախկինում, ընդհակառակը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Հայաստանում երկխոսում էին եւ քննարկում ընդհանուր օրակարգեր։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի ագրեսիայի արդյունքն է, որը միջազգային հանրությունը չդատապարտեց։ Մենք մեր կողմից չփորձեցինք այդ ագրեսիայի ճանաչման գործընթաց սկսել։ Ալիեւը որպես ագրեսոր պետք է կաշկանդված լինի, մինչդեռ նա իրեն չափազանց վստահ է զգում»,-հավելեց Ադոնցը։

Նրա գնահատմամբ՝ այսօր միջազգային իրավունքն ապրում է ամենալուրջ ճգնաժամներից մեկը, չեն կատարվում միջազգային դատարանների եւ կազմակերպությունների որոշումները: Բոլորն առաջնորդվում են իրենց ազգային շահերով եւ փորձում են ամեն գնով առաջ տանել դրանք։

«Ադրբեջանն էներգակիրների կարեւոր մատակարար է դեպի Արեւմուտք եւ մասամբ կատարում է ռուսական էներգակիրների այլընտրանքի դեր։ Բացի այդ, Բաքուն կարեւոր գործընկեր է դարձել անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով Իրանը»,-նշեց նա։

Նախկինում համարվում էր, որ արցախյան հակամարտության կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում, իսկ այժմ, ըստ նրա, նոր իրավիճակ է նկատվում, որը հանգում է միայն ուժի գործոնը հաշվի առնելուն։

«Մոռացվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ մնաց միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փաշինյանը հնչեցրեց իր համաձայնությունը՝ ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում ՝ Արցախը։ Միեւնույն ժամանակ, հասկանալի է Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու անընդունելիությունն ու անհամատեղելիությունը։ Հայերն ադրբեջանական դասագրքերում ներկայացվում են որպես թշնամիներ, Ադրբեջանում հայի սպանությունը նորմալ է համարվում։ Եվ այս ամենի հետ համաձայնել է Հայաստանի ներկայիս ղեկավարը եւ փորձում է առաջ տանել Արցախի ժողովրդի անվտանգության օրակարգը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։ Ի՞նչ երկխոսություն: Ինչի՞ մասին պետք է լինի: Ո՞վ է այն առաջնորդելու։

Մենք դիմում ենք երրորդ երկրներին։ Ինչո՞ւ պետք է այս հարցերի հասցեատերերը լինեն Ֆրանսիան կամ ՄԱԿ-ը։

Պատճառը մեր մեջ է։ Սա ոչ թե 4-5 տարվա գործընթացների, այլ տարիների ընթացքում թույլ տված սխալների հետեւանք է։ Դրանք պետք է վերլուծվեն եւ շտկվեն: Դա ոչ թե դիվանագիտական, այլ ազգային հարց է»,-եզրափակեց Ադոնցը։