Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Այս մասին Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։
Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է։
Եվրոնյուզի լրագրողի հարցին, թե ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում է արդյոք, այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը նրան հանգիստ չի՞ տալիս, Փաշինյանն ասաց. «Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով»:











