Երևանի ընտրությանը մենք ներկայացել ենք մինչև այս եղած լավագույն ծրագրային կետերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը:

«Քարոզարշավի ժամանակ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ ուզում են թիմ տեսնել, կայացած մարդկանց: Այս ընտրություններին երեւանցիները պասիվ են մասնակցելու, բայց մասնակցողներն էլ նպատակային են ընտրելու: Մեր քաղաքական թիմը թափանցիկ է եղել, երեւանցիներին ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, մոտեցումները: Մեր կուսակցությունն այս ընտրություններին ներկայացրել է բացառիկ ծրագրային կետեր՝ բնակարանների ծրագրից մինչեւ սփյուռքահայերի ներգրավում»,- ասաց Թարվերդյանը:

Քաղաքապետի թեկնածուի դիտարկմամբ, Երեւանի բնակիչներն այսօր հիասթափված են եւ կորցրել են հավատը քաղաքական ուժերի նկատմամբ, սա, ըստ, Թարվերդյանի, վտանգավոր միտում է. «Ժողովուրդը պառակտվածությունից հոգնել է, ուզում են միասնական տեսնել քաղաքական ուժերին»:

Նշենք, որ այսօր քարոզարշավի վերջին օրն է, Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին: