Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, գեղեցիկ, հարմարավետ  Երեւանի, ինչպես, կարծում եմ՝ բոլորս. . Այն Երեւանի, որը բոլորս ուզում ենք տեսնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Վստահ եմ, որ հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք; Այսօր այդ հնարավորությունը կա՝ մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Ատսծո, թեկնածուները շատ են»,-ասաց նա:

Հարցին՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական քաղաքապետ ունենալու դեպքում է բարեկեցին Երեւան ունենալու հավանականությունը, նախագահն ասաց. «Կապ չունի»:

«Մեր երազանքի Երեւանի մեջ մտնում է եւ քաղաքաշինություն, եւ ճարտարապետություն, եւ անվտանգություն, եւ հարմարավետություն, եւ գեղեցկություն, ամեն ինչ: Մենք ուզում ենք ապրել մի քաղաքում, որն իր ամեն ինչով ժամանակակից քաղաքի ստանդարտների մեջ է մտնում, որը շատ դժվար է անելը եւ յուրահատուկ վերաբերմունք է պահանջում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի քաղաքապետի այլ ընտրություններից, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց․ «Շատ ավելի քաղաքականացված, շատ ավելի սրված են՝ հաշվի առնելով նաեւ արտաքին միջավայրը: Իհարկե, մի հանգամանք էլ կա, որ դա ինչ-որ ձեւով ստվերում է քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներին դարձնելուն: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, եւ դրանով տեղական ընտրությունը տարբերեինք համապետական ընտրությունից: Բայց նաեւ քանի որ մեզ մոտ համակարգն այնպիսին է, որ տեղական ընտրությունը քաղաքական ընտրություն է դարձել, տարբերությունը դրանում է կայանում»: