«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո հայտնել է լրագրողներին, որ քվեարկել է հանուն մայրաքաղաքի եվրոպական մոդելի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի,  հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու։

«Մենք շատ բանի կարիք ունենք, և ես հուսով եմ, որ մեր քվեարկությունը կծառայի հենց դրան», - ասել է նա:

Հարցին, թե ընտրվելու դեպքում ի՞նչ փոփոխություններ է նախատեսում քաղաքապետարանում, Դավիթ Խաժակյանը պատասխանել է.

«Մեր վարչություններում պետք է լուրջ ընթացակարգային փոփոխություններ կատարենք, քանի որ մեր բյուրոկրատիան չափազանց ծանր է,  ընթացակարգերն ու մեխանիզմները պետք է պարզեցվեն։ Պետք է էապես վերանայել կադրերը․ որտեղ կրճատելու կարիք կա ևորտեղ ավելացնելու»,- նշել է Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ ընդգծելով քաղաքացիների համար  քաղաքապետարանի հասանելի լինելու անհրաժեշտությունը։

Ըստ Դավիթ Խաժակյանի, դատելով համեմատական ​​ցուցանիշներից՝ կարելի է ասել, որ ընտրություններին մասնակցությունը ցածր է։

«Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մասնակցությունը չի հասնի 2018-ի մակարդակին, բայց հուսով եմ, որ այսօր էլ ժողովրդին ուղղված կոչը կնպաստի մասնակցությանը, քվեարկությանը, քանի որ հենց այսօրվանից է կախված Երևանի 5 տարվա կառավարումը»,- եզրափակել է նա։