։
Երևանը պետք է լինի մաքուր ու ապահով, բարգավաճող ու հեռանկարային՝ զբոսաշրջիկներին ու ներդրողներին գրավելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժը հայրենյաց» կուսակցությունից ավագանու ընտրությունների ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ)։
Ռոտենբերգը քվեարկությանը մասնակցել է 3/26 ընտրատեղամասում։
«Երևանը պետք է ապահով լինի, Երևանը պետք է մաքուր լինի, Երևանը պետք է ժպերես մարդկանցով լինի, Երևանը պետք է լի լինի զբոսաշրջիկներով, Երևանը պետք է բարգավաճող ու հեռանկարային լինի, որպեսզի օտարերկրյա շատ ներդրողներ գան, ցանկանան ներդրումներ անել Հայաստանում, ցանկանան կառուցել և զարգացնել Հայաստանը»,- ասել է Ռոտենբերգը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որ Երևանի օգտին է քվեարկել այսօր։
Նա ընտրական գործընթացը որակել է «հարմարավետ»՝ նշելով, որ առայժմ խախտումներ չեն նկատվել։ Ճիշտ է, ընտրողների մասնակցությունը, ըստ նրա, իսկապես բավականին ցածր է։
Պատասխանելով այն հարցին, թե որ քաղաքական ուժերի հետ պատրաստ կլինի աշխատել իր կուսակցությունը ավագանի մտնելու դեպքում, Ռոտենբերգը նշել է, որ քաղաքապետարան, ամեն դեպքում, մի քանի թիմ կմտնի, և անկախ նրանից, թե որ թիմերը կլինեն, առավելապես կարևոր է աշխատանքային գործընթացն ու երկխոսությունն այնպես ձևավորել, որ համատեղ աշխատանքը օգուտ բերի Երևանին:











