Մեկ բնակարանի վրա տասնյակ անձանց գրանցվելու փաստը, կարծում եմ՝ պայմանավորված է այն մարդկանցով, որոնք արտասահմանից գալիս են այստեղ հաշվառվում են, որ  կարողանան այստեղ աշխատանք ունենալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այսինքն դա ոչ թե մտածված մարդկանց ընտրացուցակներում ընդգրկելու համար է, այլ մարդիկ են, որոնք այսօր Երեւանում աշխատում են: Առավել եւս, գիտեք, որ 2022-ի փետրվարից հետո շատ մարդիկ են Հայաստան եկել: 150 հազարից ավելի մարդ է եկել, որոնց կեսը մնացել են Հայաստանում ժամանակավոր կարգավիճակով՝ օրենքի շրջանակներում: Օրենսդրությունը պահանջում է, որ եթե դուք ուզում եք որեւէ տեղ շխատել, անպայման պետք է հաշվառվեք: Իմ բացատրությունը դա է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ի հանրահավաքին բազմաթիվ մարդիկ եկել էին մարզերից, որոնք Երեւանի ընտրող չեն, Վահագն Խաչատուրյանն ասաց. «Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, երբ քաղաքական համակիրները որեւէ մոտիկ բնակավայրից գան մասնակցեն»: