Քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվություն եղել է, բայց նաեւ կա բնակչության ապատիա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Ապատիա քաղաքական իրավիճակից, արտաքին քաղաքականության հետ կապված իրավիճակից. այդ ամբողջը, բնականաբար, մարդկանց վրա ազդում է»,- նշեց Մարությանը:

Հարցին՝ արդյո՞ք իրենց շտաբը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, Մարությանն ասաց. «Մեր շտաբում տարբեր տիպի զանգեր ստանում ենք: Այդ ամենը կմշակենք եւ վերջնական կհայտնենք»:

Հարցին՝ որքա՞ն է ինքը գնահատում իր՝ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը, Մարությանն ասաց.

«Հաղթանակի հավանականությունը ես ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում, ցավում եմ, որ մասնակցությունը դեռ այս պահին փոքր է: Ես կարծում եմ՝ օրս նոր է բացվում, դեռ 20:00-ն ժամանակ ունենք եւ երեւանցիները կկատարեն իրենց ընտրությունը»:

Հարցին՝ արդյո՞ք կուսակցությունը կոալիցիա կազմելու հավանականության մասին քննարկում ունեցել է, Մարությանն ասաց. «Քանի որ մենք վստահություն ունենք, որ մենք հավաքելու ենք 50+1 ձայն, մենք այս պահին ոչ մի քննարկում չենք ունեցել: Կսպասենք, մի քանի ժամ է մնացել»:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպած թեկնածուների բանավեճին չմասնակցելու իր որոշմանը, Մարությանն ասաց.

«Քանի որ Պետրոս Ղազարյանը անցել էր բոլոր կարմիր գծերը, բոլորս գիտեինք, որ ինքը իշխանական պրոպագանդիստ է, դա եղելություն էր, այսինքն՝ դրա հետ մեր հանրությունը դրա հետ համակերպվել էր: Կարմիր գիծն այն էր, երբ նա թեկնածուներից մեկին՝ ինձ որակումներ տալ, պիտակներ կպցնել, ընդ որում այդ եթերը արտաքին քաղաքականության մասին էր: Մենք դա ֆիքսեցինք եւ ասացինք, որ մենք չենք հրաժարվում, մենք անպայման պետք է մասնակցենք բանավեճին, բայց ասացինք՝ եթե Պետրոս Ղազարյանն է վարելու, մենք չենք գալու այդ բանավեճին: Այդ բանավեճից հետո, բոլոր թեկնածուները ունեինք հաշված րոպեներ իրենց կարծիքը տալու համար, դրանից հետո իշխանությունը կազմակերպում է մոտ մեկ ժամանոց հարցազրույց իշխանական թեկնածուի հետ. սա անհավասար մրցակցություն է»: