3 տասնյակ ուժերի մասնակցությամբ քննարկել ենք ստեղծված իրավիճակը։ Քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակետը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջև է, ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն և չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ։ Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միավորել կոնկրետ քայլերի, գործողությունների շուրջ, և մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցույց տալ»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ ճանապարհային քարտեզ են մշակել, որի վերաբերյալ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն՝ այն բանից հետո երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակետները կհայտնեն։
«Սրան զուգահեռ՝ մենք այս պահին Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիների կողքին ենք, իրենց հետ ենք, ընդամենը մեկ ժամով առանձնացել էինք այս քննարկման համար։ Հիմա արդեն մեր գործընկերները հրապարակում են, մենք ևս միանալու ենք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա շեշտեց, որ ցանկացած հնչող առաջարկ կարող է իրականացվել բացառապես ժողովրդի լայն ու հուժու աջակցությամբ. «Այսինքն՝ փողոցում ժողովրդի ներկայությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է կարողանանք ապահովել, հակառակ պարագայում ցանկացած հայտարարություն մնալու է թղթի վրա»։
Անդրադառնալով իշխանության այն դիտարկմանը, թե փողոց դուրս եկած քաղաքացիների նպատակը իշխանությունը բռնի զավթելն է, Սաղաթելյանն արձագանքեց.
«Այդ թուրքի դրածոները որևէ լեգիտիմություն չունեն, ամեն մի զոհի արյուն իր ու իր խունտայի վզին է, հերիք է այս հայրենիքի համար սրբազան պայքարը դարձնել իշխանության պայքար։ Իրենց իշխանությունը մեզ բերում է միայն մահ։ Թող ձայները կտրեն ու նստեն տեղները։ Թող իրենց իրենց սահմանադրական պարտականությունը կատարեն, երկրի անվտանգությունն ապահովեն, ու վեր ընկնեն իրենց իշխանությանը։ Մենք իրենց ուզում ենք հեռացնել միայն պատճառով, որ իրենք երկիրն ուզում են հանձնել թուրքին»։
Իշխան Սաղաթելյանը ասաց, որ սա իշխանության հասնելու պայքար չէ. «Սա լինել-չլինելու, ցեղասպանվելու կամ ապրելու պայքար է։
Այսօր Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի սահմաններն է պայթեցնում, իսկ Փաշինյանն ու իր խունտան էլ Երևանի հրապարակում, թուրքերի հետ համագործակցված այդ նռնակները նետում են մեր ժողովրդի վրա. ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ լեգիտիմություն»։
Անդրադառնալով քաղաքացիների այն արձագանքներին, որ ըդդիմությունը հստակ ծրագիր չի առաջարկում և միայն ճառեր են ամբիոնից, Սաղաթելյանը համաձայնեց.
«Դաշնակցությունը հիմա էլ կարող են վերցնել բարձրախոսը և ասել իրենց պատկերացրած քայլերի հերթականությունը, բայց դա մենք համարում ենք ոչ ճիշտ, որովհետև պետք է լինի բոլորիս տեսակետը և մեր նպատակն էր մեր գործընկերներին ներկայացնել մեր պատկերացումները, լսել իրենց առաջարկները»։











