Հավեսներդ չունեմ շատ խոսելու, որովհետեւ դուք պետությունից շատ հեռու եք, դուք իշխանությունն ու պետությունը իրարից չեք տարբերում, իշխանությունն ու հայրենիքը իրարից չեք տարբերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին մուտք գործել «Եռաբլուրի» տարածք:

«Ես հայրենիքիս համար երեք անգամ կյանքս դրել եմ»,-ասաց նա:

Հարցին, թե չեք նեղվո՞ւմ, որ ձեր ղեկավարը ձեր պայքարած հայրենիքն այս օրն է գցել, նա ասաց. «Չեմ ուզում խոսել: Այնտեղ, անհայտ կորածների հուշարձանին, իմ հարազատ հորաքրոջս տղան 1992-ից կորած՝ Ավետիսյան Գագիկ, ես որ գարիս եմ, առաջինը գնում եմ նրան ծաղիկ դնելու, իսկ արդեն ներսում իմ 7 զինվոր ընկերներս են: Եթե ձեզնից մեկը մտածում է, որ ինքն ավելի հայրենասեր է ու երկիրը ավելի է սիրում, շատ սխալվում եք»: