Թել Ավիվից Երեւան կազմակերպված թռիչով պետք է Հայաստան ժամանել 190 ՀՀ քաղաքացի եւ նրանց ընտանիքի անդամներ, որոնցից 70-ը՝ երեխաներ. Այս պահին ժամանել են 191-ը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Մեր 39 քաղաքացիներ կամ համերկրացիներ երեւի անձնական պատճառներով չեն ժամանել օդանավակայան, հետեւաբար չեն եկել Հայաստան: Մենք հետեւում ենք իրավիճակին եւ հարկ եղած դեպքում նմանատիպ նոր որոշումներ կկայացվեն:
Թռիչքն ամբողջությամբ անվճար էր, ՀՀ կառավարությունը հոգացել է բոլոր ծախսերը»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, Հայաստան տեղափոխվածները հավաստիացրել են, որ սեփական ուժերով կկարողանան հոգալ իրենց սոցիալական խնդիրները:
«Իսրայելու ՀՀ դեսպանությունը մշտապես հավաքագրում է այն քաղաքացիների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան: Մենք այդ ցուցակով անցել ենք, զանգել ենք բոլորին: Եղել են մարդիկ, որոնք հայտը լրացնելուց հետո փոխել են իրենց որոշումը, չեն ցանկացել վերադառնալ Հայաստան: Բնականաբար, ցուցակները թարմացվելու են եւ ըստ իրավիճակի համապատասխան անհրաժեշտ որոշումները կկայացվեն կառավարության կողմից: Այս պահին բոլոր մարդիկ, որոնց ցանկության մասին ՀՀ դեսպանությունը տեղեկացվել է, բոլորի հետ կապ ենք հաստատել եւ բոլորի դիմումները մշակվել են»,-ասաց Վահան Կոստանյանը:











