Չգիտես ինչու, ինձ թվում է, որ ոչ այնքան Հայաստանն է իր ցանկությունն արտահայտում, որքան այն պարտադրվում է նրան, գուցե ինչ-որ քաղաքական գործիքների միջոցով, այն մարդկանց միջոցով, որոնք Հայաստանի ներսում կարող են հայ ժողովրդին օտար կամ խորթ շահեր հետապնդել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես, նա մեկնաբանել է ռուս լրագրողի հետևյալ հարցին. «Հայաստանի և Եվրոպայի ռազմավարական ապագան» ֆորումի արդյունքներով, որին մասնակցել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը, ընդունվել է հռչակագիր, որում Հայաստանի ինտեգրումը Եվրոպային կոչվում է ռազմավարական հեռանկար։ Այն նաև պահանջում է Հայաստանի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ամբողջովին շրջվե՞լ է Մոսկվայից դեպի ԵՄ և ՆԱՏՕ»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ինքը վստահ չէ, որ կարելի է ասել, որ Հայաստանն է ինչ-որ մեկից ինչ-որ մեկի կողմը շրջվել։
«Ի վերջո, տեսեք. նման միտումների գաղափարախոսները մի բան են խոստանում, իսկ գործնականում այլ բան է լինում։ Հետո լրիվ հակառակ բաներ են ասում, մի կերպ փորձում են բացատրություններ տալ, և այլն, և այլն։ Երբ խոսում ենք երկրի, ժողովրդի անունից կատարվող գործողությունների մասին, ենթադրվում է, որ ժողովուրդը դրան աջակցություն է հայտնում, համապատասխան լիազորություններ է պատվիրակում իշխանություններին, տեսնում նպատակներն ու խնդիրները և կարող է դրանք համեմատել արդյունքի հետ։ Անկեղծ ասած, այդ ոլորտում ես երբեք նման բան չեմ տեսել։ Հայաստանում գործող իշխանությունից շատերը, կարծես թե, խոստացան մի բան, բառացիորեն՝ այդ բանը խոստացան, իսկ հետո գործնականում բոլորը այլ արդյունքներ ստացան։ Ինչպե՞ս է սա ստացվում: Սա մեր հարցը չէ։ Սա, ի վերջո, խնդիր է, որը պետք է լուծվի այդ պետության ներսում։ Բայց Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց, նաև ձեր հիշատակած պարոն Գրիգորյանի կողմից արված բացահայտումն, այսպես կոչված, Հայաստանի եվրաինտեգրման կամ արտադաշնակցային կարգավիճակի մասին, հանրապետություն արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը, Երևանի հանկարծակի բարեկամությունը Կիևի ռեժիմի հետ, սկզբունքորեն, մենք դիտարկում ենք որպես մեկ շղթայի օղակներ։ Միայն թե, ինձ թվում է, սա ստրկության շղթա է։ Սա կապանքների շղթաների կոտրել չէ, սրանք հենց ստրկացնող շղթաներ են: Ո՞վ է կանգնած այս երկրին, այս ժողովրդին նման գաղափարախոսություն պարտադրելու ցանկության հետևում։ Ակնհայտորեն, Արևմուտքը: Սա ևս ոչ ոք չի թաքցնում»,- ասել է նա։
Նրա խոսքով, ուկրաինական ուղղությամբ Արևմուտքի ծրագրերը ձախողվել են, և այժմ նա «գազանի նման ճանկել է» Հայաստանը։
«Արևմուտքի ծրագրերն ուկրաինական ուղղությամբ լիովին ձախողվել են։ Նույն գազանությամբ նա հիմա ճանկել է Հայաստանը, փորձում է պոկել այն Ռուսաստանից։ Ի՞նչ է նշանակում պոկել։ Մենք ինքնիշխան պետություններ ենք։ Մեր միջպետական պայմանագրերը բոլորն էլ կամավոր են կնքվել։ Ավելին, դրանք, ի տարբերություն Արևմուտքի խոստումների մեծ մասի, տալիս են կոնկրետ արդյունքներ։ Այս արդյունքը կա, դա են վկայում բոնուսները, որ ստանում է Հայաստանը որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ և այլ ոլորտներում։ Սա է, որ փորձում են կտրել, սրանից են փորձում զրկել Հայաստանը, ինչպես զրկել են շատ երկրների»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա որպես օրինակ է բերել այն, թե ինչպես Վաշինգտոնը «պոկեց» Եվրամիությունը Ռուսաստանից, ինչը, ըստ Մարիա Զախարովայի, հանգեցրեց «տնտեսական աճի տեմպերի ամբողջական անկմանը» և ԵՄ-ի ներսում տնտեսական կապերի փլուզմանը:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, սա հենց Արևմուտքի տրամաբանությունն է՝ «ՆԱՏՕ-ական, ամերիկյան և այլն, որը հիմա այս փիլիսոփայությունն է պարտադրում և պարտադրում է այն Հայաստանում մի շարք քաղաքական գործիչների միջոցով»։
«Մենք, մեր հերթին, համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի արմատական շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այն բոլոր հավաստիացումներն ու խոստումները, որոնք տվել է հայ ժողովրդին Հայաստանի քաղաքական վերնախավը,հենց դա է վկայում։ Եվ մեզ թվում է, որ դա դեմ է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները մոռացել են, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված է Ռուսաստանի համագործակցությունից և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից ստացած բոնուսների վրա։ Սրանք իրական թվեր են և իրական փաստեր՝ ի տարբերություն Արևմուտքի բազմաթիվ դատարկ հայտարարությունների և խոստումների։ Գործընկերները դիմում են մեզ՝ այս ամենը պահպանելու խնդրանքով, իսկ իրենք այդ ընթացքում ձեռնարկում են քայլեր, մասնավորապես, անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ է, թե՞ ինչ է կոչվում։ Եթե սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա դա ոչ մեկին լավ բանի չի հասցրել»,- եզրափակել է նա։











