ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը՝ կանոնադրության վերաբերյալ ռուսաստանյան կողմին ներկայացված առաջարկներն անվանելով «խոսքի լարախաղացություն»։
«Ես հոգնել եմ Հայաստանի որոշ ներկայացուցիչների այս խոսքի լարախաղացությունից... Դե, իրոք, դա ուղղակի արժանավայել չէ... Պետք է ճշմարտությունն ասել։ Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսաստանյան կողմը համապատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով, առանց Հռոմի ստատուտը վավերացնելու, և որ ամենակարևորն է, նման պրակտիկա կա։ Ցավոք սրտի, մեր առաջարկած փոխզիջումային լուծումներն անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի միջոցով կամ ՄՔԴ-ի օգտագործմամբ սանձազերծված այս հակառուսական քաղաքականության ֆոնին։ Դա սանձազերծել է Արևմուտքը մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների նկատմամբ։ Երևանը, զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել այն»,- ասել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ «իր ձեռքով ստեղծված» խնդիրների լուծման հարցում, ապա, ռուսաստանյան կողմի կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում։
«Այս ամենը նոյեմբերի 9-ին լրացուցիչ մեկնաբանել է նաև մեր երկրի արտաքին գործերի փոխնախարար պարոն Գալուզինը։ Հիշեցնեմ, որ հարցազրույցը տրվել էր ՌԲԿ-ին։
Նա, մասնավորապես, ասել էր, որ, մեջբերում եմ, «մենք ակնկալում էինք, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ Նույն ՄՔԴ-ի կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ չվավերացնելով Հռոմի ստատուտը: Այս պարադիգմայում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»։ Մեջբերման ավարտ»,- եզրափակել է Զախարովան։











