Ինչպես արդեն հայտնի է, ես դատական հայց եմ ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած, սակայն օրենքի խախտմամբ պաշտոնավարող Տիգրան Ավինյանի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Նա բացատրեց, որ Ավինյանի երդմնակալության թանկարժեք արարողության ժամանակ քվորում չի ապահովվել, թեև դա ավագանու նիստ էր:
«Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը պետք է ներկա լինեին, բայց այդ թիվը չկար։ Հետեւաբար, եթե օրենքները պահպանվեն, պետք է նոր նիստ կայանա։ Իսկ եթե նոր նիստում նույնպես քվորում չլինի, ապա պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու նոր ընտրություններ։ Մեր հիմնական նպատակը դա է: Այն, ինչ հիմա կատարվում է, նշանակում է, որ Ավինյանի մինչ այժմ կայացված որոշումներն իրավական ուժ չունեն. Այսինքն՝ այն որոշումները, որոնք վերաբերում են շարքային քաղաքացիներին, կարող են չեղյալ համարվել»,- հավելեց Թեւանյանը։
Նա վստահ է, որ նոր ընտրությունների դեպքում իշխող ուժին Երևանի կառավարումից հեռացնելու լուրջ շանսեր կան, ինչը հնարավորություն կստեղծի նույնը անել համապետական մակարդակով։
Քաղաքական գործիչը կարծում է, որ զուգահեռաբար պետք է փողոցային պայքար տանել։
«Պետք է այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ տեղի ունենան նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Գործող Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ոչ լեգիտիմ է, նա խաբել է քաղաքացիներին Արցախի հարցում, ուստի երկրի օրենսդիր մարմինը պետք է լուծարվի։ Իշխող ուժը վտանգ է ներկայացնում Հայաստանի գոյության համար»,- եզրափակեց նա։











